Վարորդական վկայականների տրամադրման կարգում առաջիկայում մի շարք փոփոխություններ կլինեն։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։

Փոփոխությունները, ըստ նրա, պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ-ն ընդունել է մինչև հունիսի 1-ը ԵՄ-ի և ԵՏՄ-ի ճանապարհային քարտեզներին միանալու պարտավորություն, հայտնում է Factor.am-ը։

«Սրա արդյունքում մի շարք օրենքներում և որոշումներում կիրականացվեն փոփոխություններ, մասնավորապես` կլինի փոփոխություն որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի կարգի, ձևի հարցում։ Օրինակ` եթե ներկայիս պայմաններում քաղաքացուն A, B, C կարգի վարորդական իրավունք տրամադրելու համար չէին պարտադրում ուսումնական պրոցես անցնել, ապա այժմ C կարգի վարորդական իրավունք ստանալու համար վարորդները պետք է դա անեն»,- ասել է նա։

Բացի այդ, Տոնոյանի խոսքով, մի շարք քննություններ պետք է անցկացվեն երթևեկության իրական պայմաններում. օրինակ` եթե այսօր քննությունն անցկացվում է կա՛մ ավտոհրապարակում, կա՛մ երթևեկության իրական պայմաններում, ապա հունիսի 1-ից քննությունը նախատեսվում է անցկացնել և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում։