2017թ․-ին իրականացված Ուրարտական Օձաբերդ հուշարձանի պեղումները ցույց են տվել, որ ամրոցի տարածքում կյանքը շարունակվել է նաև Վանի թագավորության անկումից հետո, Երվանդունիների կառավարման ժամանակաշրջանում։ Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի պատմամշակութային հուշարձան - արգելոցների ու պատմական միջավայրի պաշտպանության ծառայության գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը։

- Միքայել Բադալյանի ղեկավարած գիտարշավին մասնակցել են Իրանից, Ռուսաստանից ու Ավստրալիայից ժամանած գործընկերներ, - նշել է Փիլիպոսյանը։

Օձաբերդը գտնվում է Սևանա լճի ափին, Ծովինար ու Արծվանիստ համայնքների միջև։ Այստեղ պահպանվել է Ռուսա առաջինի սեպագիր արձանագրությունը՝ լճի մոտ 4 ցեղախմբերի ու լեռներից այն կողմ 19 ցեղախմբերի նվաճման մասին։ Քաղաքը կոչվում է Թեյշեբաինի՝ տարերքների ու պատերազմի աստծո անունով։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, ամրոցի սահմաններից դուրս հայտնաբերվել է մեծ քաղաքային թաղամաս, որը գոյություն է ունեցել նաև Երվանդունիների դարաշրջանում։ Հնագետի խոսքով՝ Հայաստանի տարածքում այդ ժամանակաշրջանի շատ սակավաթիվ հնագիտական վկայություններ են պահպանվել։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք այդ վայրում կլիման այն ժամանակներում ավելի մեղմ է եղել՝ Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ հողի շերտի հետազոտությունները ցույց են տալիս, որ այստեղ առանձնահատուկ կլիմայական փոփոխություններ չեն եղել։ Բայց եղել է ուժեղ աղետ՝ Ք․ա 11-12-րդ դարերում՝ Նորատուս գյուղի տարածքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի էպիկենտրոնը Սևանա լճում էր գտնվել, ինչի հետևանքով Գեղամա լեռնաշղթայում գոյացել է ճաք, որը կլանել է այն ժամանակ Սևան հոսող գետերը։ Այնպես որ Գեղամա լեռնաշղթայի լանջերին գտնվող բնակավայրերը ոչնչացել են, մնալով առանց ջրի։