Նախօրեին Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն հետևել է Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Նա ասել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն ժամանակից շուտ՝ 2019թ-ի սեպտեմբերին:

Այս 15 կիլոմետրանոց հատվածը վերականգնվում է 2018թ-ի հունիսից, և համաձայն պայմանագրի, աշխատանքները պետք է ավարտվեն մինչև նոյեմբերի 6-ը: Փոխնախարարը խոստացել է, որ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին: Ըստ նրա, վերջին 10 տարիների ընթացքում այս ճանապարհին նման վերանորոգում չի կատարվել:

«Մենք կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան, ժամանակակից, անվտանգ ճանապարհ: Մայիսի վերջին պատրաստ կլինի Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի այլ հատվածի վերականգման նախագիծը, որը կսկսվի Նինոծմինդայից և կլինի 8 կմ: Աշխատանքները կսկսվեն արդեն հունիսին, իսկ մինչև 2019թ-ի հոկտեմբեր վերականգնումն ամբողջությամբ պետք է ավարտվի»,- ասել է Իրակլի Քարսելաձեն:

Նա նշել է, որ ճանապարհը վերանորոգվում է շատ բարձր որակով՝ 120 սմ-ոց նոր հիմքով, 11 սմ երկշերտ ասֆալտով:

«Այս ճանապարհը կարևոր է ինչպես Նինոծմինդայի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար, որոնց հոսքը աճում է»,- ասել է նա: