Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշան է հանձնել ռուսաստանաբնակ օպերային երգչուհի, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Սվետլանա Կասյանին:

Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով Վատիկանի աղբյուրին։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել կիրակի՝ ուղղափառ եկեղեցու Զատկի տոնակատարության ժամանակ: Արարողությունը փակ բնույթ է կրել: Նշվում է, որ Սվետլանան առաջին կինն է, որն արժանացել է այս պարգևին:

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետն այսպիսով գնահատել է երգչուհու բարեգործական, խաղաղարարական գործունեությունը և Ռուսաստանում հղիության արհեստական ընդհատման հարցի շուրջ նրա գործադրած ջանքերը:

Սուրբ Սիլվեստր պապի շքանշանը Վատիկանի պետական պարգևն է և ըստ կարգի՝ Սուրբ Աթոռի 5-րդ ասպետական շքանշանը: Այն շնորհվում է Կաթոլիկ եկեղեցուն ծառայություն մատուցած աշխարհիկ մարդկանց: