Gatestone Institute-ի կայքում հրապարակվել է թուրք լրագրող Ուզայ Բուլուտի հոդվածը՝ վերնագրված «Թուրքիա․ Ցեղասպանության հիշատակման օրը հայերը դեռևս հարձակման թիրախում են»։

Հոդվածում նշվում է, որ ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն էր: 1915թ-ի այս օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվել ու հետագայում սպանվել են հայ մտավորականներն ու համայնքի ղեկավարները: Հաշվարկվում է, որ մոտ 1,5 միլիոն հայեր են զոհվել:

«Այդ ժամանակից ի վեր թուրքական իշխանություններն ագրեսիվորեն ժխտում են, որ ցեղասպանությունը նույնիսկ տեղի է ունեցել, թե թուրքերն են դա արել և տուգանում են նրանց, ովքեր համարձակվում են այլ բան ասել: Կառավարության կողմից ֆինանսավորվող Թուրքիայի պատմության ինստիտուտը (TTK) վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է 25 հատորով «հերքել Թուրքիայի ներգրավվածությունը» ցեղասպանությանը: TTK-ն նաև նկարահանել է «Հայերի ապստամբությունն ընդդեմ Օսմանյան պետության, ահաբեկչություն ու քարոզչություն» փաստավավերագրական ֆիլմը՝ պնդելով, որ հայերն են սկսել 1915թ-ին մահմեդականների դեմ «վայրագություններ» կատարել, որոնց թուրքերն արձագանքել են «վերաբնակեցմամբ»: Արդյունքում, ըստ նկարահանված նյութի, հայկական սփյուռքը շարունակում է «ստեր տարածել այսպես կոչված Հայոց ցեղասպանության» մասին»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ թուրքական կառավարության կողմից շարունակվող ցեղասպանության ժխտման հետ մեկտեղ, կա նաև թուրքական հասարակության շատ անդամների փորձերը՝ ջնջել հայկական կրոնն ու մշակույթը՝ հարձակումներ իրականացնելով հայկական եկեղեցիների վրա։ Դրանց շարքում են Ստամբուլում գործող հայկական եկեղեցիները։ Փետրվարին, օրինակ, Ստամբուլի Բալատ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու վրա հայտնվել էր գրաֆիտի նախազգուշացում.

«Դուք մեռած եք»: Անցյալ տարի Ստամբուլում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրվել էր «Այս հայրենիքը մերն է»: Նշվում է վերջերս Կարսում Չարենցի տան քանդման մասին, 2016 թ.-ին Մխիթարյան հայկական դպրոցի վրա հայտնված կոչը՝ «խոշտանգել հայերին»:

Թուրքիայում հայ համայնքի թիվը ներկայումս կազմում է մոտավորապես 60.000 և նվազում է` երկրում լարված քաղաքական մթնոլորտի ու բռնությունների հետևանքով: Թուրքիայից մեկ հայ, ով իր ընտանիքը տեղափոխել է Եվրոպա, Ակոսին ասել է, որ ուզում են իրենց երեխաներն ապրեն ավելի քաղաքակիրթ պայմաններում։

«Թուրքիան առնվազն 5 սերունդ հանգիստ չի եղել։ Թուրքիան չի կարողանում հասնել ժամանակակից քաղաքակրթությունների մակարդակին և կարծես թե այն չի հասնի նաև հաջորդ 30 տարիների ընթացքում»,- ասել է զրուցակիցը:

«Շարունակելով ժխտել Հայոց ցեղասպանությունը, հատկապես այն ժամանակ, երբ քրիստոնյաները հալածվում ու սպանվում են ողջ աշխարհում, ուղին է Թուրքիայի համար՝ մնալ հետամնաց, չքաղաքակրթված ու ոչ արժանի՝ Եվրոպայի մաս դառնալու իր ձգտումներում»,- գրել է հոդվածագիրն ու մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը, որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում չէ, այլ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման ու գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում, քանի որ ակնհայտ է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ամենաարդյունավետն է՝ նոր ցեղասպանությունների կանխման համար»։

Նշվում է, որ Թուրքիայում ծնված ու մեծացած մահմեդական Ուզայ Բուլուտն այժմ բնակվում է ԱՄՆ-ում։