Լրագրող Հայկ Կիսաբլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հերթական ապօրինի սեփականաշնորհման դեպքին․

«Հարգելի պաշտոնյաներ և լրագրող ընկերներ, խնդրում եմ ուշադրության անդրադարձնեք նաև այս խնդրին:

Նույնիսկ առանց մասնագիտական գիտելիքների և նույնիսկ «անզեն աչքով»՝ հասարակ «Գուգլ մափ»-ի նկարով էլ, մենք կարող ենք տեսնել, որ «ինչ-որ մեկը» իր «բախչան առաջ է տանում» և կամաց-կամաց մտնում Արագածոտնի մարզի Հովհաննավան վանական համալիրի հազարամյա գերեզմանոց, որը հայտնի է 6-րդ դարից:

Ի Հավելում նշեմ, որ այս պատմամշակութային տարածքը ևս գտնվում է Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանի պաշտոնավարման ներքո, նույն այն Մանուկ Մանուկյանի՝ ով իր որդու համար սեփականաշնորհել է Ամբերդ Ամրոցի արգելոցի մեջտեղում գտնվող, սակայն ինչ-որ անհասկանալի հանգամանքների հետևանում, այդ տարածքից դուրս հայտնված հողակտորը:

Ըստ որոշակի տեղեկությունների՝ Հովհաննավանքի վանական համալիրի բազմադարյա գերեզմանատունը մաս-մաս սեփականացնելու մեխանիզմը նույնպես նույնն է ինչ Ամբերդինը, սեփականաշնորհած անձը ևս և կրկին, մշակույթի նախարարության պաշտոնյա է, կամ էլ եղել է նախկինում»: