Պետությունը կների բռնադատվածների վարկային պարտավորությունները՝ դրանք որպես պետական աջակցություն ձևակերպելով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստի օրակարգում:

Նախատեսվում է բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների՝ վարկառուների մինչև որոշման ուժի մեջ մտնելը չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը ներել:

Ըստ հիմնավորման` որոշման ընդունման արդյունքում մասամբ կբարելավվի մոտ 280 մարդու սոցիալական վիճակը՝ նրանց ազատելով իրենց վարկային պարտավորություններից և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերի վճարումից:

Ըստ նախագծի՝ 2002-2012թթ-ի ՀՀ պետական բյուջեներով հաստատված միջոցների շրջանակում բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու (բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար) նպատակով տրամադրվել է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ՝ 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով վարկ՝ 1.272 մլրդ դրամ ընդհանուր գումարով: