Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները: Մայրաքաղաքում գործող 47 շարժական սրճարանատերերը կառավարությունից պահանջում են անհապաղ լուծել իրենց ոլորտում առկա խնդիրները: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչությունն ու ՀԷՑ-ը շարժական առևտրով զբաղվող տնտեսվարողներին զրկել են էլեկտրականությունից, ինչի հետևանքով 100-ից ավելի մարդ մնացել է գործազուրկ:

«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը նշել է, որ կառավարությունից խնդրում են, որ սրճարաններին այլընտրանքային տարբերակ առաջարկեն:

«Պետք է ՀԷՑ-ին հորդորեն, որ ժամանակավորապես թույլտվություն տան, որպեսզի բոլոր 47 շրջիկ կետերը թույլտվություն ունենան աշխատելու, մինչ օրենքը կկարգավորվի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ իրենք հանդիպել են ավագանու անդամների հետ և ոլորտի կարգավորման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել:

Հիշեցնենք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը: Գույքագրման և համատեղ ստուգայցերից հետո առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ շրջիկ առևտրի կետերն իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն իսկ ապամոնտաժել է անօրինական լարանցումները:

Երևանում շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանը հանդես է եկել նաև օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը: