ՀՀ առողջապահության նախարարությունը տուլարեմիա պատվաստանյութ ձեռք կբերի Ռուսաստանի «Միկրոգեն գիտարտադրական միավորում» ընկերությունից՝ 1 դեղաչափը 104.9 ռուբլուն համարժեք դրամով (776 դրամ)։

Հիմնավորման մեջ նշվում է, թե վերջին տարիներին տուլարեմիայի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում եղել են դժվարություններ, քանի որ պատվաստանյութի արտադրության հետ կապված առկա են որոշ առանձնահատկություններ։ Շուկայում հայտնի է միայն «Միկրոգեն» ընկերությունը, և նախարարությունն առաջարկում է միանգամից տվյալ ընկերությունից ձեռք բերել պատվաստանյութը՝ առանց միջնորդ ընկերության։

Ըստ որոշման՝ ՀՀ-ում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է իրականացնել պատվաստումներ տուլարեմիայի դեմ զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով:

Արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացում, որի հետևանքով կապահովվի Հայաստանի Հանրապետությունում տուլարեմիայի դեպքերի կանխարգելում և կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում: