Կառավարությունն այսօրվա նիստում «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 1 միլիարդ 177 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել։

Ընկերությունը Հայաստան կներմուծի տեքստիլ արտադրությունում օգտագործվող հումք՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելով։ Հումքն ու սարքավորումները կներկրվեն Չինաստանից, Ուզեբեկստանից և Թուրքիայից։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրությունում:

Ընկերությունը կառավարությանը հայտնել է, որ նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերել 14 միլիարդ դրամի հումք, ինչպես նաև 1.5 մլրդ դրամի սարքավորումներ և իրականացնել նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքներ։ Ընկերությունն այժմ ունի 1104 աշխատատեղ, սակայն խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 400 նոր աշխատատեղ։

Ընկերության փոխանցմամբ՝ ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26 միլիարդ 833 միլիոն դրամ, որից 7,8 միլիարդ դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, մոտ 19 միլիարդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 70 միլիոն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (Իտալիա, Ֆրանսիա):

Նշենք, որ «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին։ Կառավարությունը առաջին անգամը չէ, որ այս ընկերությանը արտոնություն է տալիս։ 2018թ-ի ապրիլի 5-ին կառավարությունը կրկին որոշել է, որ այս ընկերությունը Թուրքիայից և Ուզբեկստանից տրիկոտաժե գործվածքներ կներմուծի Հայաստան՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով: