20-րդ դարի լավագույն տենորներից մեկը՝ անվանի օպերային երգիչ, բեմադրիչ, Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը կյանքից հեռացավ 2016 թվականի մարտին: Բազմաթիվ ծրագրերով ու նպատակներով լի արվեստագետն ընդամենը 65 տարեկան էր:

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, ՀՀ-ում Լիտվայի և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանների , Գեղամ Գրիգորյանի հարազատների ու արվեստի երկրպագուների մասնակցությամբ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այսօր բացվեց մեծանուն արվեստագետի հուշարձանը: Հեղինակը վրաց քանդակագործ Թեյմուրազ Մուրվանիձեն է:

«Մենք շատ մոտ ըմկերներ ենք եղել։ Ցավոք, Գեղամը շուտ հեռացավ կյանքից: Մի անգամ ինձ ասաց՝ երբ մեռնեմ, իմ արձանը դու՛ կքանդակես: Ես էլ ասացի՝ հերթ գոյություն ունի, բարի եղիր պահապանել այն: Ես քեզնից մեծ եմ 12 տարով: Բայց եղավ այն, ինչ եղավ»,- պատմել է քանդակագործը:

Ըստ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի Գեղամ Գրիգորյանը չափազանց բարձր պահեց հայկական կատարողական արվեստի նշաձողը, որին պետք է ձգտեն մեր կատարողները:

Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է:

«Կցանկանայի Երևանում գտնվել այլ առիթով: Միակ զգացումը, որն այս պահին ունեմ, կարոտն է: Ես սարսափելի կարոտում եմ հայրիկիս, և դեռ չեմ համակերպվել այն մտքին, որ նա այլևս իմ կողքին չէ»,- նշել է դուստրը:

Հասմիկի՝ հորից ստացած, թերևս, կարևորագույն պատգամը՝ ապրել այնպես, որպեսզի հեռանալուց հետո մարդիկ հիշեն ժպիտով: