Կառավարությունը «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ին գործունեության համար տարածք է հատկացրել։ ՊՈԱԿ-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել են պետական սեփականություն հանդիսացող Գյումրու Խրիմյան Հայրիկ փող. 19 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասը։

Ըստ կառավարություն ներկայացված որոշման նախագծի, Շիրակի մարզպետը դիմել է պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ը 1988թ. երկրաշարժից հետո մինչ օրս գործել է Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի №47/6 հասցեում գտնվող ժամանակավոր կառույցում, որի տեղում այժմ «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը նախատեսում է կառուցել համերգասրահ:

Համերգասրահի կառուցման ծրագրի իրականացմանը նպաստելու, միաժամանակ նվագախմբի շենքային պայմանները բարելավելու նպատակով, մարզպետը խնդրել է կոմիտեի տնօրինմանը հանձնված Խրիմյան Հայրիկ փողոցի №19 հասցեի շենքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ին։