Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել կառավարության 2018թ-ի ապրիլի 5-ի «Գույք նվիրաբերելու մասին» որոշումը, որով Բաղանիս գյուղի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերվել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքին՝ մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով։

Նվիրաբերված տարածքում «Փարոս» հիմնադրամի և Հայկական կարմիր խաչի միջոցով մանկապարտեզ և ապաստարան կառուցելու նպատակով մեկ տարվա ընթացքում պետք է իրականացվեին 41 մլն և 6 մլն դրամի ներդրումներ, իսկ նվիրաբերության պայմանի խախտման դեպքում կառավարության պահանջով նվիրաբերությունը համարվելու էր վերացված և Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքը պարտավոր էր պետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը։

2018թ-ի հունիսի 29-ին պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Նոյեմբերյան համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ «Փարոս» հիմնադրամի և Հայկական կարմիր խաչի կողմից որևէ ներդրում չի իրականացվել, քանի որ նվիրաբերված տարածքը հայ-ադրբեջանական սահմանին մոտ է գտնվում և գնահատվել է որպես խիստ ռիսկային գոտի: Մանկապարտեզի համար ընտրվել է մեկ այլ՝ առավել ապահով համայնքային սեփականություն հանդիսացող տարածք։ Այդ պատճառով համայնքի ղեկավարը առաջարկել է կառավարության 2018թ. որոշումն ուժը կորցրած ճանաչել և լուծել պետական գույքի կառավարման կոմիտեի և համայնքի միջև կնքված պետական գույքի նվիրաբերության պայմանագիրը։