ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է 2018թ-ի ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով:

Պարզվել են դեպքի մի շարք հնագամանքներ, զանգվածային անկարգություններին մասնակից անձանցից երեքի ինքնությունը: Նրանցից մեկը Ավան վարչական շրջանի կրթության և սպորտի բաժնի ավագ մասնագետ Ա. Գասպարյանն է՝ ծնված 1983-ին, մյուսը՝ նույն վարչական շրջանի աշխատակազմի ԵՀՀ բաժնի առաջին կարգի մասնագետ Կ. Տոնոյանը՝ ծնված 1985-ին, իսկ երրորդը՝ Երևանի քաղաքապետարանի ՀԿՊԾ տարածքային երկրորդ բաժնի առաջատար մասնագետ Է. Պետրոսյանը՝ ծնված 1985-ին:

Նախաքննության տվյալների համաձայն՝ նշված օրը «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության կողմից Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվել է բողոքի ակցիա՝ զուգորդված խաղաղ հավաքի իրականացմամբ։

Կազմակերպված խաղաղ հավաքներին մասնակցելու և հավաքված անձանց ազատ տեղաշարժման իրավունքները սահմանափակելու, Երևան քաղաքի Կենտրոն ուղևորվող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ՝ 2018թ. ապրիլի 22-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի և Աճառյան 2-րդ փողոցի խաչմերուկում՝ «Ֆորդ» ավտոսերվիսի մոտ, կազմակերպվել են բռնությամբ և ջարդով զուգորդված, զանգվածային անկարգություններ, որի ընթացքում, մասնակիցների ինքնությունները թաքցնելու, հասարակության անդամների մոտ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, զանգվածային անկարգության մասնակիցներին բաժանվել են բժշկական դիմակներ և մահակներ, դիտավորությամբ վնասվել են քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաներ, ինչպես նաև խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զանգվածային անկարգությունները լուսաբանելու նպատակով դեպքի վայր է մեկնել «Հանրային Ռադիո» ընկերության լրագրող Վրույր Թադևոսյանը և իր մոտ գտնվող IPad Air 2 մոդելի պլանշետով սկսել է իրականացնել ուղիղ հեռարձակում դեպքի վայրից:

Զանգվածային անկարգության մասնակիցները, տեսնելով, որ ուղիղ եթերով լրագրողը հեռարձակում է իրենց գործողությունները, պահանջել են, որ նա դադարեցնի տեսանկարահանումը: Լրագրողն իր մասնագիտական գործառույթները շարունակելու համար ներկայացել է որպես լրագրող և հրաժարվել կատարել նրանց պահանջը, ինչին ի պատասխան՝ զանգվածային անկարգության մասնակիցները քաշքշուկ են ստեղծել, որի ընթացքում գործով չպարզված անձինք վերցրել են նրա պլանշետը և բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-164-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Է.Պետրոսյանին և Կ.Տոնոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը 3 մեղադրյալների մասով անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին: