Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է դատի տալ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանին: Իր ֆեյսբուքյան էջում նախարարը գրել է.

«Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»:

Սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ։

Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։

Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով: Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները:

Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել սուտը, կեղծ լուրերն ու զրպարտությունները։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նմանատիպ յուրաքանչյուր դրսևորում ստանալու է իր պատասխանը` իրավական տիրույթում»։