«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կկազմակերպվի էլեկտրոնային երաժտության փառատոն
Կառավարությունը որոշել է թույլատրել մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ 6,000.0 հազար դրամի շրջանակում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 6-ին և ուղիղ կհեռարձակվի ֆրանսիական «Cercle» մեդիա արտադրող կազմակերպության կողմից, որին կկարողանան հետևել միլիոնավոր մարդիկ։ «Cercle»-ն կազմակերպել է մի շարք նման միջոցառումներ աշխարհի տարբեր վայրերում (Էյֆելյան աշտարակ, Գրանդ Պալե, Բրայթոն և այլն)։
Նշենք, որ տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ «Cercle»-ը իրականացնում է այսպիսի միջոցառում։ Ստեղծագործության՝ միջոցառման սցենարի հեղինակային իրավունքը գրանցված է։
Հիմնավորման համաձայն՝ աշխարհում նկատելի է էլեկտրոնային երաժշտության զարգացման ու տարածման նկատմամբ օրեցօր մեծացող հետաքրքրությունը. տարեց տարի զգացվում են էլեկտրոնային երաժշտության մշակույթի պահանջարկի մեծացման տեմպերը։ Նման լայնածավալ միջոցառումները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը և լավագույն առիթ են հանդիսանում պատմական վայրերի (ամրոցներ, թանգարաններ, գիտական վայրեր) ներկայացման, քարոզչության ու դրանց ճանաչելության բարձրացման համար: Կազմակերպվող էլեկտրոնային երաժշտության փառատոնի հեռարձակման ընթացքում ևս մեկ անգամ հանրահռչակվելու և ուշադրության կենտրոնում է հայտնվելու «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը: