Մշակույթի նախարարությունը դիմել է դատախազություն, որպեսզի պարզի, թե ինչպես է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին փոխվել։ Այս մասին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։

Նա նշել է, որ երբ տեղեկացել է ամրոցի մոտակայքում տեղի ունեցող շինարարության մասին, նախ փորձել է պարզել՝ արդյո՞ք իրականացվող աշխատանքները մտնում են պահպանական գոտու մեջ, թե ոչ, քանի որ նախարարության լիազորությունները պահպանական գոտուց դուրս չեն գործում։ Փոխնախարարի ներկայացրած փաստաթղթերով, խորհրդային տարիներին կազմված նախագծում տվյալ տարածքը մտել է արգելոցի պահպանական գոտու մեջ, սակայն 2013թ-ին դեռ անհայտ ինչ-ինչ պատճառներով հանվել է պահպանական գոտուց և մշակույթի նախարարության լիազորություններն այդտեղ կրճատվել են։

«Եթե 2013թ-ին այդ մասը չհանվեր պահպանական գոտուց, միանշանակ պարտավոր էին համաձայնեցել մեզ հետ այդ նախագիծը և լիազորություն կունենայինք չթույլատրել։ Այսօր միակ կետով, որով կարող են դադարեցնել շինարարությանը, հնագիտական շերտերի առկայությունն է։ Գրություն ենք ուղարկել դատախազություն, որպեսզի հետաքննություն կատարեն»,- ասաց Տ. Գալստյանը։

Փոխնախարարը նշել է, որ երբ որևէ տարածքում շինարարական, հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվում են հնագիտական շերտեր, պարտավոր են դադարեցնել աշխատանքներն ու այդ մասին տեղեկացնել մշակույթի նախարարությանը։ Նրա խոսքով, այդ տարածքից գտնվել են խեցեղենի կտորներ, մարդկային գանգի ոսկորներ և հնագետի կողմից ուսումնասիրության անհրաժեշտության կա։

«Կառուցապատողի հետ պայմանավորվեցինք, որ ժամանակավոր դադարեցվի, մինչև հնագետը կիրականացնի ուսումնասիրություն»,- ասել է Տ. Գալստյանը։

Նա հայտնել է, որ կառուցապատողը՝ Սիրակ Մանուկյանը, մինչև 2018թ-ը «Ամբերդ» արգելոց թանգարանի ղեկավարն էր, որը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանի որդին է: Նա նշել է, որ Մանուկ Մանուկյանը մարզային հանձնաժողովում է, որն էլ հողի նշանակությունը փոխելիս եզրակացություն է տալիս՝ արդյոք կա՞ն հնագիտական շերտեր, թե ոչ։