Հայկական բարեգործական ընդհանուր միություն Հայաստանը, շարունակելով խթանել կանանց կարողությունների զարգացումն ու լիարժեք կիրառումը, Ֆրութֆուլ Արմենիա բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ընդլայնում է ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախագիծը՝ հունիսից այն հասանելի դարձնելով նաև Արցախի կանանց համար: Այս մասին տեղեկացնում է Հայ բարեգործական ընդհանուր միության կայքը։

Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» դասընթացի նպատակն է նպաստել կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը:

ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից՝ կրթություն ձեռնարկատիրության ոլորտում, դրամաշնորհներ և ուղղորդման փուլ:

Դասընթացին կարող են դիմել այն կանայք, ովքեր բնակվում են Արցախում, ունեն բիզնես գաղափար(ներ) կամ արդեն իսկ սկսել են իրենց սեփական բիզնեսը (մինչև 18 ամիս) հետևյալ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, տուրիզմ, արվեստ և ձեռագործ աշխատանք, կրթություն, սննդի և թեթև արդյունաբերություն, նորաձևություն, տեխնոլոգիա/նորարարություն, պատրաստ են իրենց բիզնես հմտությունները զարգացնելու համար մասնակցել Ստեփանակերտում իրականացվող վերապատրաստման ամբողջական դասընթացին, պատրաստ են մասնակցել մեկ տարի տևողությամբ Ուղղորդման փուլին, պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում, պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային շաբաթներ ունենալ։

Նշենք, որ ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտը։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետն ընթացիկ տարվա մայիսի 14-ն է, մինչև 18:00: Մասնակիցների ընտրության առաջին փուլը կկայանա մայիսի 16-21 իսկ երկրորդ փուլը՝ մայիսի 23-29: Ընտրված մասնակիցները կտեղեկանան մայիսի 30-ին, իսկ դասընթացը կանցկացվի հունիսի 1-ից մինչև հուլիսի 13: