Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերը։

Քանթերին Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։ Քանթերը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վարած ներքին քաղաքականության հասցեին կոշտ քննադատություններով:

Նախօրեին բասկետբոլիստը իր Twitter-ի էջում գրառում է կատարել, որտեղ դատապարտել է Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վարած քաղաքականությունը։

Բասկետբոլիստի դժգոհության պատճառն է դարձել այն, որ հերթական խաղից հետո Twitter-ի NBA-ի թուրքական էջը, ի տարբերություն ամերիկյան էջի, չի ցուցադրել թուրք բասկետբոլիստի ցուցանիշը խաղավարտից հետո։

Դրա վերաբերյալ սոցցանցում թուրք բասկետբոլիստը գրել է.

«Ինչ զզվելի երկիր է Թուրքիան, որը ղեկավարում է Էրդողանը։ Այսօրվա խաղի միակ թուրք ֆուտբոլիստի անունը չի հրապարակվում NBA-ի պաշտոնական թուրքալեզու էջի կողմից։ Նրանք չեն ցուցադրում «Փորթլենդի» խաղը Թուրքիայում։ Կառավարությունը մարդկանց վերահսկում է և դա խնդիր է։ Ինչպե՞ս է առհասարակ NBA-ը նման բան թույլ տալիս»։