Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացակայում է ՄԱԿ ԱԽ բանաձևերի իրականացման մեխանիզմ, այդ թվում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող: Նա հայտարարել է,թե ՄԱԿ ԱԽ բանաձևերը թղթի վրա են մնացել: «Հայաստանը շարունակում է օկուպացնել մեր պատմական հողերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի ևս 7 շրջան»,-ասել է նա Բաքվում ընթացող Միջմշակութային երկխոսության համաշխարհային համաժողովում, հայտնում է Interfax.az-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։

Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամբողջ աշխարհն է ճանաչում և այն «պետք է վերականգնվի, իսկ հակամարտությունը պետք է կարգավորվի ըստ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ կանոնադրության, ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի և Հելսինկյան եզրափակիչ ակտի»: