Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը բանակցել է Կորյուն-Աբովյան խաչմերուկը փակած տաքսու վարորդների հետ՝ հորդորելով վերջիններիս բացել երթևեկությունը: ՃՈ պետի հետ բանակցելուց հետո վարորդները համաձայնել են բացել ճանապարահի երթևեկելի հատվածը:

Եգոր Կարապետյանը վարորդների հետ զրույցում նշել է, որ վարորդների բողոքն առ այն, որ իրենց թույլատրվի այդտեղ կայանել անվճար, կբավարարվի, եթե քաղաքապետարանի կողմից թույլտվություն լինի, հայտնում է Aysor.am-ը:

Վարորդները պնդել են, որ քաղաքապետարանը կողմ է իրենց տեղ հատկացնել այդ տարածքում, եթե «ԳԱԻ»-ն հանի այդտեղ կայանումն արգելող նշանը:

«Թույլ է տվել, ուրեմն վաղը կայանումն արգելող նշանը կհանվի», - ասել է Կարապետյանը՝ հորդորելով նրանց բացել ճանապարհը:

Կարապետյանը նաև նշել է, որ կիրականացվի վարույթ և եթե պարզվի, որ կա անհրաժեշտություն, ապա այն տուգանքները, որոնք ստացել են կայանումն արգելող նշանի պատճառով, չեղյալ կհամարվեն: