Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։

Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ պետական աջակցության ծրագրի շրջանակներում, 2015թ. փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանի և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի միջև կնքվել է
մատակարարման պայմանագիր: Վերջինիս շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն, նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված և համայնքի հողօգտագործողներին հատկացման ենթակա
պարարտանյութը, կազմել և մարզպետարան է ներկայացրել 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների համար Լոռու մարզի Միխայլովկա համայնքում մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր գնած շահառուների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակ, որում ձևականորեն ներառվել են թվով 94 շահառուների վերաբերյալ տեղեկություններ:

Այնուհետ Լոռու մարզպետի կողմից հաստատված չափաքանակի համաձայն՝ նույն թվականին ստացել է ընդհանուր 11 274 000 դրամ արժողությամբ 93 950 կգ պարարտանյութ, որի դիմաց 2015թ. մարտի 20-ին իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Լոռու մարզի Կաթնառատ համայնքի ղեկավար Ռ. Ղ.-ի միջոցով «Արդշինբանկ» ՓԲԸ Վանաձոր քաղաքի մասնաճյուղում բացված «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես ստացած պարարտանյութի դիմաց կանխավճար, փոխանցել է 3 000 000 դրամ: Իսկ առանձնապես խոշոր չափերի՝ 7 864 000 դրամ արժողությամբ 65530 կգ քաշով պարարտանյութը ցուցակում ընդգրկված հողօգտագործողներին չի հատկացրել կամ մասամբ է հատկացրել և օգտագործել է սեփական կարիքները հոգալու, իր կողմից մշակվող հողերը պարարտացնելու նպատակով: Մի մասն էլ համայնքի ղեկավարը հատկացրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց՝ Լոռու մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին: Այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նրա կողմից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի պարարտանյութը:

Այդ ընթացքում համայնքի ղեկավար Լ. Դ.-ն նաև պարարտանյութերի վաճառքից համայնքի 2 բնակիչներից ստացել է զգալի չափերի գումար, ապա, շահադիտական դրդումներով, համայնքի բնակիչներից հավաքագրված նշված գումարը մատակարար
կազմակերպության՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույնպես յուրացման եղանակով հափշտակել է:

Արդյունքում, 2015թ. ընթացքում Լ. Դ.-ի կողմից մեկ միասնական դիտավորությամբ հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 7 914 000 դրամ պարարտանյութը և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները:

Հափշտակության հանգամանքը թաքցնելու դրդումներով Լ.Դ.-ն 2017թ. ընթացքում կազմել և Լոռու մարզպետարան է ներկայացրել համայնքի՝ ազոտական պարարտանյութ ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ չկատարելու և պարարտանյութի գծով պարտքեր ունենալու վերաբերյալ:

Նկարագրված արարքները կատարելու համար Լ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու
մասին։

Նախաքննության ընթացքում նա մասնակիորեն վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունն սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը: Սակայն
դրանից հետո որևէ միջոցներ չի ձեռնարկել պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

2019թ. ապրիլի 25-ին կայացված դատավճռով Լ. Դ.-ն մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքներ կատարելու մեջ և վերջնական արդյունքում դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ նաև 2 տարի ժամկետով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող
պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Նույն դատավճռով դատարանն ամբողջությամբ բավարարել է նաև մարզի դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ որոշելով Լ․ Դ-ից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 5 139 000 դրամի չափով գումար՝ որպես
հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված վնաս։