Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը՝ իրեն հաշվառումից հանելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Բաբայանը: Գործով առաջին նիստը տեղի կունենա մայիսի 23-ին Ստեփանակերտում:

Սամվել Բաբայանը պատրաստվում էր թեկնածությունն առաջադրել 2020թ-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն դրա համար անհրաժեշտ է Արցախում վերջին տասը տարվա մշտական բնակություն, ինչը, փաստորեն, Բաբայանը չունի:

ՊԲ նախկին հրամանատարի խոսքով՝ ինքը վերջերս է իմացել, որ 2006թ-ին իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից:

Նշենք, որ Արցախի ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ Սամվել Բաբայանն իր դիմումի համաձայն է հանվել Ստեփանակերտ քաղաքի իր բնակարանի հաշվառումից՝ Երևանում հաշվառվելու համար: