Մայիսի 9-ին՝ ժամը 15։30-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա «Տաթևի զանգակներ» երգչախմբի «Երգով ու խաչով» խորագիրը կրող համերգը, որը նվիրված է Շուշիի ազատագրման օրվան:

Այս մասին ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը և ավելացրել, որ կհնչեն հեղինակային, հայրենասիրական ստեղծագործություններ: Գրում է «Արցախպրես»-ը։

«Ծրագրում ընդգրկված են նաև Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Ներսես Շնորհալու ստեղծագործություններից, լինելու են նաև հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ՝ զանգակների և մանկական երգչախմբի համար։ Նշեմ, որ «Տաթևի զանգակներ» մանկական երգչախումբը հավաքական խումբ է՝ ձևավորված Տաթևի հարակից գյուղերից ընտրված տաղանդավոր երեխաներից, մասնավորապես՝ Շինուհայր, Տաթև, Խոտ գյուղերից: Գործում է Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայել Վրդ. Գևորգյանի օրհնությամբ, «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ և խմբավար Լուսինե Սարգսյանի նվիրումով ու ջանքերով»,- մանրամասնել է Մ. Անդրեասյանը: Նրա խոսքով՝ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: