Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տարիներ շարունակ, երբ խոսվում էր Հայոց ցեղասպանության մասին՝ մոռացության էր տրվում հայրենազրկման հանգամանքը: Մինչդեռ Հայոց ցեղասպանության հիմնական տարբերությունն այլ ցեղասպանություններից, մասնավորաբար, Հոլոքոստից, այն է, որ Ցեղասպանությանը զուգընթաց տեղի է ունեցել հայրենազրկում: Եվ առաջին անգամ հնչեց այդ հանգամանքը, որ մենք միաժամանակ հայրենազրկվել ենք: Եթե ասվում է՝ մեզ ոչ միայն ֆիզիկապես են բնաջնջել, այլև՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքից են զրկել, դա խոսում է այն մասին, որ մենք սեփական հայրենիքն ենք կորցրել, այդ կերպ մատնանշվում է Արևմտյան Հայաստանի մասին ու մատնանշվում է որպես հայրենիքի:

Մինչև հիմա անընդհատ խոսվել է միայն ճանաչման մասին. ճանաչում, ճանաչում, ճանաչում: Հայոց Ցեղասպանությունը, սակայն, վաղուց ճանաչվել է, այդ փուլն ավարտված է, մինչդեռ մենք շարունակում ենք այդ գործընթացը՝ ի պատասխան թուրքական ժխտողականության: Ընկել ենք նրանց թակարդն ու զբաղված ենք միայն ճանաչման գործընթացով: Այնինչ՝ մեր գլխավոր խնդիրը հիմա՝ դա Ցեղասպանության հատուցման հարցն է»: