«Արարատ Գրուպը» հիմնելու է գարեջրի արտադրություն՝ մոտ 250 նոր աշխատատեղով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին:
Գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007թ-ից մինչև օրս գործարանում կատարվել է $40 մլն-ի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014թ-ից: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստանի Դաշնություն:
Նշվել է, որ մինչև 2020թ-ը նախատեսում են ներդրումային ծրագրի շրջանակում ընդլայնել գործարանը և արտադրել նաև գարեջուր: Նոր հոսքագծերի ավելացման արդյունքում նախատեսվում է ավելացնել նաև աշխատատեղերի թիվը. ներկայիս 100-ի փոխարեն այդ թիվը կհասցվի 300-350-ի:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ընկերության զարգացման ծրագրերը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը: