Արցախում օտարերկրյա ներդրումների շնորհիվ մի քանի ջրամբար է կառուցվում և կառուցվելու՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ: Այս մասին գրել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

«Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա կգործարկվի նաև 5.95 մՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ։ Սա ջրամբարով ՀԷԿ-ի կառուցման առաջին դեպքն է անկախ ՀՀ-ի և ԱՀ-ի պատմության մեջ: Ջրամբարը կիրառվելու է նաև ձկնաբուծության և ոռոգման նպատակներով: Նախագծի վրա ծախսվել է մոտ մի քանի տասնյակ միլիոն դոլար, իսկ ներդրել են օտարերկրյա սեփականատերերը։

Դրանից բացի, օրեր առաջ պետական նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին Սարսանգ-Մատաղիս հատվածում չորս նախագիծ է իրականացվելու, որոնց շրջանակներում ջրամբարներ են կառուցվելու՝ հիդրոէներգետիկայի, ոռոգման և ձկնաբուծության նպատակներով: Այդ նախագծերի արժեքն անցնելու է 100 միլիոն դոլարը, որի զգալի մասը ներդրվելու է օտարերկրյա ընկերությունների կողմից:

Տեղեկացնենք, որ 2018 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել 6 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 28.5 մՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 161.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքով:

Ներկայումս Արցախում գործում է 16 ՀԷԿ, որոնց արտադրությունը 2017թ.-ին կազմել է 327,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ընդհանուր սպառման ծավալները հանրապետությունում կազմել են 351,1 մլն կՎտ/ժ: Պլանավորվում է մի քանի տարում սեփական արտադրանքը հասցնել ավելի քան 800 մլն կՎտ/ժ-ի, և դա այն դեպքում, երբ 10 տարի առաջ այն չէր գերազանցում 90 մլն կՎտ/ժ-ը»: