Ոսկեպարում շրջափակման մեջ հայտնված ոստիկանները․ Գետաշենում զոհված քաջարի մարտիկները
1991թ-ի մայիսի 4-ը Հայաստանում հայտարարված էր ազգային սգո օր։
Այդ օրը Երևանում՝ Ազատության հրապարակում երկիրը հրաժեշտ էր տալիս Թաթուլ Կրպեյանին և ապրիլի 30-ին Գետաշենում զոհված նրա մարտիկներին։
Սիմոն Աչիքգյոզյանը՝ նույն ինքը «Դեդը» ստացել էր բազմաթիվ բեկորային վնասվածքներ, Հրաչ Դանիելյանն ու Արթուր Կարապետյանը հրազենային վնասվածքներ, այդ թվում բազմաթիվ մահացու կտրվածքներ։ Վալերի Նազարյանը ստացել էր հրազենային վնասվածքներ և կտրվել էր ականջը, իսկ Թաթուլ Կրպեյանի դեմքն էր կոտրվել։
Մարտիկների թաղման օրվանից 2 օր անց մայիսի 6-ին հայ ոստիկանների խումբը Ոսկեպարում հայտնվեց շրջափակման մեջ, որը կազմակերպել էր ադրբեջանական բանակի չորրորդ ստորաբաժանումը, որը տեղակայված էր հարևան հանրապետությունում։
11 երիտասարդ տղա սպանվել են տեղում, 13 ոստիկաններին զինվորականները փոխանցել են ադրբեջանական ՕՄՕՆ-ին, չնայած այդ ամենը կատարվում էր Սովետական Հայաստանի տարածքում, և նրանք քաջատեղյակ էին, թե ի՞նչ ճակատագիր էր սպասվում նրանց։
Վիրավոր և անգամ արյունաքամ լինող տղաներին տեղավորելով մեքենայի թափքում՝ տեղափոխել են Ղազախստան։ Ճանապարհին հայ տղաները դաժան ծեծի են ենթարկվել։ Ղազախստանում նրանց արդեն սպասելիս են եղել մի քանի հազար մարդ։ Ողջ մնացած ականատեսների խոսքերով՝ ծեծի մասնակիցների թվում էին անգամ կին բժիշկները և բուժքույրերը։
Մի քանի օր անց հայ ոստիկաններին տեղափոխել են Գյանջայի բանտ, որտեղ տղաները ենթարկվել են անպատմելի տանջանքների և տառապանքների։ Գրեթե ամեն օր նրանց դուրս էին բերում խցերից և ծեծի ենթարկում ռետինե մահակներով: Նրանց կերակրում էին աղի ապուրներով, այնուհետև մի քանի օր ջուր չէին տվել։
Այդ ժամանակ Ոսկեպարում դեռ շարունակվում էր հրետակոծությունը սովետական տանկերից։ Արդյունքում մահացել էր երեք գյուղացի։ Ոսկեպարի շրջակայքի անտառներն ու շինությունները այրվել և քանդվել էին։ Գյուղացիներին ներկայացվել էր վերջնագիր՝ պահանջելով հանձնել ատրճանակների և «կռվողների» հստակ քանակ: Գյուղը փրկելու համար 29 հայ ոստիկան ինքնակամ որպես գերի հանձնվել են թշնամուն։
Իսկ Արցախում այդ ժամանակ տեղի էր ունենում «Օղակ» գործողությունը։ Սովետական բանակը 30 հայկական գյուղերի ավելի քան 10 000 բնակչի բռնի տեղահան է արել։
Նշենք, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի սահմանային բոլոր գոտիների ուղղությամբ հրետակոծություններ և հարձակումներ եղել։ Հանրապետությանը, ըստ էության, պատերազմ է հայտարարվել Մոսկվայի կողմից։ Միայն Արտակարգ իրավիճակների կոմիտեի ձախողմամբ, «Օղակ» գործողությունը աստիճանաբար մարվեց, իսկ ադրբեջանական բանակը զրկվելով սովետական բանակի աջակցությունից՝ կորցրեց իր մարտական ոգին։
Գետաշենի, Մարտունաշենի, Բերդաձորի, Հադրութի, Նոյեմբերյանի և Ոսկեպարի գերեվարված և ողջ մնացած մարտիկներին և ոստիկաններին այդ ամբողջ ընթացքում՝ մեծ ջանքերի շնորիվ, բաց էին թողնում մեկ-մեկ կամ խմբերով։
Եվ այսքանից հետո անհասկանալի է լսել, թե ինչ հիանալի երկիր էր Սովետը, ինչ հիանալի էր այդ տարիներին կյանքը, և մեր դարավոր «անխորտակելի բարեկամության» մասին։ Բարեկամությունը այժմ էլ կա, սակայն այն բազմակի անգամ խախտվել է, որի ականատեսները եղել ենք մենք բոլորս։ Նման դեպքեր են տեղի ունեցել 1991թ-ի մայիս-օգոստոս ամիսներին, 1992թ-ի հունիսին։ Երբ արդեն ռուսական 23-րդ մոտոհրաձգային և 104-րդ դեսանտային դիվիզիաները հարձակվեցին և գրավեցին Շահումյանն ու Մարտակերտը, որոնց՝ թշնամին ինքնուրույն երբեք չէր համարձակվի անգամ մոտենալ։