Այսօր գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսի ծննդյան տարելիցն է
Այսօր գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսի ծննդյան տարելիցն է։
Տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ Կարլ Մարքսը ծնվել է 1818թ-ի մայիսի 5-ին Պրուսիայի թագավորությունում։ Նա ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում։
1830-1835թթ-ին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, 1835-1841թթ-ին ՝ նախ՝ Բոննի ապա՝ Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում։ Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը։
Կարլ Մարքսի աշխատություններից հայտնի է «Կապիտալ»-ը, որի 1-ին հատորը լույս է տեսել 1867թ-ին, իսկ 2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո։
Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգելով այն գաղափարին՝ որ «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը»։ Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է։
Մարքսը գրել է նաև «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր», «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջ», «Սուրբ ընտանիք», «Գերմանական գաղափարախոսություն», «Փիլիսոփայության աղքատությունը», «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-1850թթ», «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը», «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում», «Գոթայի ծրագրի քննադատությունը» աշխատությունները։
Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը։