Երևանի մոլի կառուցման ժամանակ տարածքում բացվել էր ուրարտական դամբարան, որը թվագրվում է մ. թ. ա. 8-րդ դարով։

Դամբարանի որմնախորշերում դրված են եղել մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչյունների մանրատված ոսկորներով, ցլի գլխի արձանիկներով զարդարված մի կավանոթ, մի թաս, որի հատակին կար նապաստակի պատկերով կնքադրոշմ, ինչպես նաև առյուծի գլխով ծորակով սափոր։

Բիայնական դամբարանի գաղտնարաններից հայտնաբերվել են բրոնզե կապարճի բեկորներ, թաս, ագաթե հուլունքներ, կշռաքարեր, գրիֆոնի ու կիսալուսնի պատկերներով մի կնիք, օձագլխով ապարանջաններ, գոտիներ ու ձիասարքի մասեր, երկաթե սուր, դանակ, դաշույններ, դույլ և այլ իրեր։

Դամբարանում գտնված իրերի թվում մեծ խումբ են կազմում զենքերը, որոնց մեջ առանձնանում է 0.90 մ երկարություն ունեցող երկաթե թուրը։ Գտնվել են նաև երեք առաջավորասիական տիպի դաշույններ։

Նշենք, որ բոլոր գտածոները պահվում են Էրեբունի թանգարանում։