Վերահրատարակվել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը: Հ. Չարխչյանն ասել է, որ կենսագրական վեպի վերահրատարակման նախաձեռնությունը «Անտարես» հրատարակչությանն է: Գրում է Panorama.am-ը։

«Նախկին տպաքանակը վաղուց էր սպառվել, ընթերցողների կողմից գիրքը ձեռք բերելու պահանջարկ կար և դա հաշվի առնելով որոշեցինք կրկին տպագրել` առավել ներկայանալի ու գեղեցիկ ձևի մեջ: Տպաքանակը կպայմանավորվի հենց նրանց պահանջարկով»,- նշել է նա:

Հարցին, արդյո՞ք վերահրատարակված տարբերակում փոփոխություններ, լրացումներ, կրճատումներ արվել են 2010թ-ի հրատարակության համեմատ, այս տարիների ընթացքում նոր նյութեր գտե՞լ եք 1926թ-ին վերաբերող, գրքի հեղինակն ասել է.

«Գրքում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել, թեև առկա էին տվյալ ժամանակահատվածին վերաբերող նորահայտ փաստեր ու դրվագներ: Նախընտրեցինք վեպը թողնել իր նախնական շարադրանքով. ինչպես գրվել է` թող այդպես էլ մնա»։

Գրքում ներկայացված է հանճարեղ գրողի կյանքից մի դրվագ` 1926թ-ը։ Ինչո՞ւ է հեղինակն ընտրել կոնկերտ այդ տարեթիվ։ Հովիկ Չարխչյանն ասել է.

«Վեպում ներկայացվող պատմական ժամանակահատվածի ընտրությունը պատահական չէ: Չարենցի կյանքի ցանկացած դրվագի մասին կարելի է նույնքան հետաքրքիր բովանդակությամբ գրքեր շարադրել: Սակայն ընտրությունս կանգ առավ 1926թ-ի դեպքերի վրա մի պարզ պատճառով. այդ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները կարծես իրենց մեջ խտացնում են Չարենց անհատականության, գրողի, մարդկային խառնվածքի, ողբերգական անձի ողջ էությունը, թույլ են տալիս կարճ ժամանակի մեջ բացահայտել ավելին, ներկայացնել հանճարեղ մարդուն այնպիսին, ինչպիսին նա եղել է իրականում»:

Նա տեղեկացրել է, որ այս տարի լույս կտեսնի Չարենցի մասին ևս մի գիրք:

«Առայժմ բովանդակությունը չբացահայտեմ. թող անակնկալ լինի: Ասեմ միայն, որ չարենցասերների համար այն հաստատ հետաքրքիր կլինի, քանի որ գրողի կյանք բազմաթիվ անհայտ շերտեր են բացահայտվելու»,- ասաց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը:

Նշենք, որ 1926թ-ի սեպտեմբեր 5-ին Եղիշե Չարենցը Երևանում ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում Մարիանա Այվազյանին, որին սիրահարված էր։ Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ։ Նոյեմբերի 9-ի դատական նիստում դատապարտվում է 8 տարվա ազատազրկման։ Նույն նիստում պատժաչափը մեղմացվում է՝ դարձվում 3 տարի։ Պատիժը կրում է Երևանի բանտում՝ «Ուղղիչ տանը»։ Այս ընթացքում կնոջ՝ Արփենիկի վիճակի վատացման և մահվան կապակցությամբ նրան տրվել է 7 օր արձակուրդ, իսկ դրանից հետո աննպատակահարմար է համարվել հոգեկան ծանր դրության մեջ նրան կալանքի տակ պահելը։ 1927թ-ի հունվարի 8-ին որոշվում է կալանքը փոխարինել «հարկադիր բժշկությամբ՝ ուղարկելով նրան սանատորիաներից մեկը»։ Նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը: