Արենի խոշորացված համայնքի բնակիչները ներկայացրել են մոտ 2900 ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ
Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
«Արենի խոշորացված համայնքի բնակիչները նույնպես ներկայացրեցին մոտ 2900 ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։
Որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում՝ բնակիչներն իրենց ավագանուց և համայնքի ղեկավարից խնդրում և պահանջում են․
1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Արենի համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:
2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Արենի համայնքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
Համայնքը զորավոր է»: