«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վեց կետանոց նամակով արձագանքել է իր կողմից գործարար լինել-չլինելու հարցը պարզաբանելու վերաբերյալ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի գրությունը։ Հայտարարությունում Ծառուկյանը կրկին պնդել է, որ չի զբաղվում գործարարությամբ, իր ընկերությունները հավատարմային կառավարման են հանձնված, իսկ ներդրողների հետ հանդիպելը չի վկայում ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին.

1. Պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցածս բաժնեմասերը հանձնել եմ հավատարմագրային կառավարման («ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջ): Ներկայումս նույնպես իմ բաժնեմասերը գտնվում են հավատարմագրային կառավարման ներքո (հավատարմագրային կառավարման վերջին պայմանագիրը կնքելեմ 2017 թվականի մայիսի 20-ին՝ 5 տարի ժամկետով): Գույքը (գույքային իրավունքը) հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 954-րդ հոդվածներ), իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքի կառավարումն իրականացնել ի շահ հիմնադրի: Այսինքն՝ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը պահպանում է շահաբաժին (շահութաբաժին) ստանալու իրավունքը:

2. Ձեր գրության մեջ առարկայական նշված չեն իմ այն հայտարարությունները, որոնք հիմք են տվել ենթադրելու իմ՝ անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին, սակայն դատելով մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարի դիմումից, հնարավոր է՝ նկատի եք ունեցել հետևյալ հայտարարություններս.

• Որ հանձնարարել եմ «10.000 ՀՀ դրամով էժանացնել ցեմենտի վաճառքի գինը»: Այս հայտարարությունն արել եմ որպես հանրապետությունում հռչակված տնտեսական հեղափոխության մեկնարկի առաջին քայլ, ուղղակի իմաստով հայտարարությունը նշանակում է, որ հրաժարվում եմ ցեմենտի արտադրությունից ակնկալվող շահույթից կամ որ նույնն է՝ համաձայն եմ արտադրության վնասաբերության հետևանքներին, ինչը սեփականատիրոջ իրավունքն է: Այլ կերպ՝ այս հայտարարությունս չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

• Որ հայտարարել եմ ներդրողների հետ հանդիպման մասին: Ներդրումային քաղաքականությունը հայտարարվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հայտարարել է ներդրումային քաղաքականության իրականացմանը հնարավորինս նպաստելու և աջակցելու պատրաստակամության մասին: Որպես կուսակցության ղեկավար՝ ես իմ ամբողջ հեղինակությունը, երկրից դուրս տարիների ընթացքում վաստակած համբավը մշտապես ծառայեցրել եմ մեր երկրում ներդրումների ծավալների մեծացմանը, օտարերկրյա ներդրողների ներգրավմանը:Այս գործընթացում մեր երկրի ներդրումային միջավայրին, գերակա ոլորտներին ծանոթանալու նպատակով բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ հանդիպել են ինձ հետ, լսել և կարևորել են իմ կարծիքը: Ավելին, շատ ներդրողներ հենց ինձ են տեսնում որպես իրենց ներդրումների վստահելի երաշխավոր, իսկ նմանվստահությունը ձեռք է բերվել տարիների ազնիվ ու հաջողված գործունեության շնորհիվ:

• Այսպիսով, ներդրողների հետ հանդիպման մասին հայտարարությունս նույնպես չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

• Որ առաջին դեմքով արել եմ հավատարմագրային կառավարման հանձնված իմ կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ հայտարարություններ: Նշված հայտարարություններն ընդամենը վկայում են կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իմ իրազեկվածության մասին, ինչն անգամ նվազագույն աղերս չունի անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ: Արարատի ցեմենտի գործարանի աշխատողների հետ հանդիպումս կայացել է հազարից ավելի աշխատողների եռօրյա պահանջից հետո, երբ նրանց չէին բավարարել գործարանի տնօրինության և հավատարմագրային կառավարչի հիմնավորումներն ու բացատրությունները: Հանդիպումս կայացել է սեփականատիրոջ կարգավիճակով, հանդիպման ժամանակ կայացրել եմ սեփականատիրոջ շահերից չբխող, տնօրենների խորհրդի որոշմանը հակասող որոշում՝ ստանձնելով հնարավոր մեծ վնասների պատասխանատվությունը: Արդյոք այդ որոշումս ուղղվա՞ծ էր իմ կամ գործարանի գույքային դրության բարելավմանը: Իհարկե ո′չ, այդ որոշումը մարդասիրության հերթական դրսևորում էր բացառապես:

3. Գրության մեջ նշված՝ պատգամավորի շահերի բախման մասին մտահոգությունը, հավանաբար, կապված է կլինկերի ներմուծման տուրքի հարցի վերաբերյալ արածս հայտարարության հետ:

Հայտնի է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանրապետությունում ցեմենտ արտադրող միակ գործարանը չէ, դիրքորոշումս ուղղված չի եղել «Արարատցեմենտի» գույքային դրության բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կլինկերի ներմուծման տուրքի հարցի քննարկմանը նախորդել էր «Արարատցեմենտի» հազարից ավելի աշխատողների հրապարակային դժգոհությունը՝կապված աշխատատեղերի կրճատման խնդրիհետ: Նման պայմաններում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով իմ այդ դիրքորոշումը ողջամտորեն չէր կարող մեկնաբանվել որպես պատգամավորի անձնական շահերով առաջնորդվել, քանի որ հարցն անդրադառնում է մի ամբողջ քաղաքի՝ հասարակության լայն շերտերի վրա:

4. Ամփոփելով պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների պահպանման վերաբերյալ դիտարկումներս՝ հայտարարում եմ, որ իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում: Հետևաբար՝անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև՝ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին:

Բարձրացված խնդրին վերաբերելիության տեսանկյունից կարևորում եմ քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին և սեփականատեր Գագիկ Ծառուկյանին նույնացնելու անթույլատրելիությունը: Թվարկված կարգավիճակներից յուրաքանչյուրով իմ գործունեությունն իրավակարգավորումների տիրույթում է, համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն: Ես երբեք չեմ օգտվել կառավարման «քողարկված մեխանիզմներից», քանի որ գործունեությունս մշտապես եղել է հրապարակային, թափանցիկ և տեսանելի, պետությունից ու ժողովրդից թաքցնելու, «քողարկելու» խնդիր երբևէ չեմ ունեցել և հիմա էլ չունեմ:

5. Կիսում եմ ապագայում քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությունների տարանջատման իրավական մեխանիզմները որոշակիացնելու և հստակեցնելու մասին Ձեր կարծիքը: Ինչպես անձամբ ես, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել համաշխարհային փորձն ուսումնասիրելու և համապատասխան օրենսդրական փաթեթ մշակելու գործում:

6.Հավատարմագրային կառավարման հանձնված իմ ձեռնարկությունների կառավարման արդյունքներից և երկրի բիզնես միջավայրից իրազեկվածությունս շատերին հանգիստ չի տալիս, փորձ է արվում այդ հանգամանքը կապել իբր անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գործառույթի հետ: Սույն փաստերը վկայում են այն մասին, որ բարձրացված խնդիրն արհեստածին է, նպատակ ունի առնվազն ստվեր գցել իմ հեղինակության ու համբավի վրա: