Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի աշխատանքային օրն ավարտել 17:00-ին, եթե նրա աշխատանքային օրվա ավարտը 18:00-ին է, կամ նրան տրամադրել 1 ժամ ժամանակ (17:00-18:00):

Այս նպատակով նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծ:

Ըստ ԿԳՆ-ի, այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը: Բացի այդ, նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքը, այդ հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպումը կլինի առավել պատշաճ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների համար առավել կանխատեսելի կլինի իրենց աշխատանքի ավարտի ժամը:

Կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի գործող ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:

«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատար ծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: