ՌԴ Քննչական կոմիտեն «Շերեմետևոյում» Sukhoi Superjet-100 ինքնաթիռի վթարային վայրէջքի բռնկման տարբեր վարկածներ է հնարավոր համարում՝ վթարային վայրէջքն ու հրդեհը կարող են կապված լինել օդաչուների անբավարար որակավորման, վատ եղանակային պայմանների կամ տեխնիկական անսարքության հետ:

Վթարի հետևանքով 41 մարդ է զոհվել:

Քննիչներն առգրավել են խոսքային և պարամետրիկ ինքնագրիչները, կարգավարների հետ օդաչուների խոսակցությունների ձայնագրությունը, տեսախցիկների տեսանյութերը: Նրանք նաև առգրավել են վառելիքի նմուշները, հայտնում է ՌԲԿ-ն:

Sukhoi Superjet-100 ինքնաթիռն արտադրվել է 2017թ-ին, վերջին տեխսպասարկումը կատարվել է 2019թ-ի ապրիլին:

Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի հրամանատար Դենիս Եվդոկիմովը նկարագարել է, թե ինչ է պատահել, հայտնում է Lenta.ru-ն Baza Telegram-կանալի վրա հղումով:

Ըստ օդաչուի, թռիչքից հետո ինքնաթիռը հայտնվել է կայծակի հարվածի տակ, որի հետևանքով անհետացել է ռադիոկապը և ինքնաթիռն անցել է անմիջական կառավարման ռեժիմի: Հետո ռադիոկապը հաջողվել է մասնակիորեն վերականգնել, իսկ կարգավարներն օգնել են անձնակազմին կողմնորոշվել թռիչքուղու հարցում: Ըստ Եվդոկիմովի, վայրէջքի ժամանակ, ինքնաթիռի արագությունը նորմալ էր:

«Սահուն էինք մոտենում գետնին: Չեմ կարող հստակ ասել, թե ինչու տեղի ունեցավ հարվածը: Արագությունը բավարար էր, թռիչքուղուն մոտենում էինք ուղղահայաց արագության նվազմամբ, ինչպես կարգն է»,- ասել է նա: