ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում աշխատում է հետևանքների հետ, այսինքն այն քաղաքացիների, խմբերի հետ, որոնք հայտնվել են դժվարին իրավիճակում, համարվել են խոցելի։

Մենք համոզված ենք, որ բացի այս խմբերին աջակցելուց, պետք է շատ ակտիվ լինենք նաև կանխարգելման աշխատանքներում, այն է՝ ապահովել քաղաքացիների իրազեկեվածությունն իրենց իրավունքների, պետական ծրագրերի մասին, որպեսզի մարդիկ ավելի շատ և հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծրագրերից»։

Նախարարի խոսքով, կարևորում են ապաինստիտուցիոնալացումը, երեխաների տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներում ապրելու և ինստիտուտներից դուրս գալու իրավունքի իրացումը։

«Կարծում ենք, որ բավականին երկար ժամանակ մենք այս խնդրով քիչ ենք զբաղվել կամ անբավարար եմ համարում մինչև այժմ կատարված աշխատանքը։ Շատ երեխաներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր կարող էին ապրել իրենց համայնքում, ընտանիքում, եթե լիներ բավարար պետական աջակցություն և այն ծրագրերը, այն ֆինանսավորումը, որոնք ուղղվում էին հաստատություններին, ուղղվեին ընտանիքին ու ավելի ուժեղացնեին ընտանիքի ինստիտուտը»,- ասել է Զ. Բաթոյանը։

Նա նշեց, որ կարևորում են աշխատանքի խրախուսումը, առկա ծրագրերի մատչելիության ապահովումը. «Ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են զբաղվածությանը, այս կամ այն թիրախային խմբերին, սակայն դրանց մատչելիությունն ու հասանելիությունը բավարար չեն, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել և ծրագրերը լինեն արդյունավետ»։

Զ. Բաթոյանը նշել է, որ կարևորում են աշխատանքի իրավունքի իրացման ուղղությամբ քաղաքականության բարելավումը, տեղեկացրել է, որ մայիսին սկսելու են Աշխատանքային օրենսգրքի շուրջ հանրային քննարկումները՝ օրենսդրական համապարփակ առաջարկներ մշակելու համար։

Նախարարն ասել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող սարքերը 2019թ-ի հունվարի 1-ից տրվում են բացառապես հավաստագրերի միջոցով, ինչը մեծացնում է այդ անձանց կամ այլ սոցիալական խմբերի ընտրության հնարավորությունը.

«Սա թույլ է տալիս մարդկանց ինքնուրույն ընտրել աջակցման միջոցները, խանութներն ու ծառայությունները, ունենալ համապատասխան որակ, ընտրության հնարավորություն»։

Նա տեղեկացրեց, որ 2019թ-ից երեխաներին, տարեցներին հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները բացառապես պատվիրակվել են մրցութային կարգով ՀԿ-ներին, նախկինում իրականացվում էր սուբսիդավորման միջոցով։

Զ. Բաթոյանն ասել է, որ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ, ստեղծվել է ժողովրդագրության բարելավման հանձնաժողով, որը պետք է աշխատի ժողովրդագրական իրավիճակի բարելավան ուղղությամբ։