Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին տեղեկացրել է Դատական դեպարտամենտի խոսնակ Արման Խաչատրյանը։ Գրում է «Ազատության»-ը։

Ըստ Խաչատրյանի, գործը հանձնվել է գրասենյակ՝ վերամակագրման։ Պատճառները դեռ չեն նշվում։

Վարդան Գրիգորյանն ընտրվել էր պատահականության սկզբունքով՝ էլեկտրոնային վիճակահանությամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 40-ամյա դատավորի մասին շատ բան հայտնի չէ․ նա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2014թ-ին, Երևան տեղափոխվել է մոտ 5 ամիս առաջ: Մինչև այդ 7 տարի՝ 2007-2014թթ-ին, աշխատել է որպես հանրային պաշտպան:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ Քոչարյանի գործով դատավորի մասին արտառոց հրապարակումների չի հանդիպել, բայց չէր էլ բացառել, որ հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ որոշեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել:

Նշենք, որ ապրիլի վերջին 2008թ-ի մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան։