Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին: Այդ մասին նա ասել է հիմնադրամի համահիմնադիրներ, տնօրեն Վարդան Մարաշլյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Րաֆֆի Քասարջյանի հետ հանդիպմանը:

Հյուրերը նախագահ Սարգսյանին են ներկայացրել հիմնադրամի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նրանք ընդգծել են, որ հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղությունը հայրենադարձությունն է և Հայաստանի հետ Սփյուռքի մեր հայրենակիցների կապի սերտացումը:

Հանրապետության նախագահը նշել է, որ հիմնադրամը կարևոր գործ է իրականացնում արտերկրում բնակվող հայրենակիցներին Հայաստանում հաստատվելու և մայր հայրենիքի հետ կապելու տեսանկյունից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: