ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Շերեմետևոյում ինքնաթիռի հրկիզման և զոհերի առնչությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
«Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և զորակցության խոսքեր եմ հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ համբերություն, ուժ և ոգու ամրություն: Խնդրում եմ այս ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին փոխանցել շուտափույթ ապաքինման մաղթանքներ», - մասնավորապես, ասված է ցավակցական հեռագրում:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 վթարային վայրէջքի արդյունքում բռնկված հրդեհից 41 մարդ է զոհվել: