City of Smile-ը քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամներ կպատրաստի
City of Smile հիմնադրամը Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամներ պատրաստելու նախաձեռնություն է սկսել: Հիմնադրամի հանրային կապերի և մարքեթինգի բաժնի համակարգող Թամարա Ափոյանը պատմել է նախաձեռնության մասին: Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։
Թամարան մինչև այս երկու անգամ արդեն կտրել է մազերը, ուղարկել դրանք Գերմանիա, որպեսզի այնտեղ կեղծամ պատրաստեն քաղցկեղով հիվանդ երեխաների համար:
Այժմ հիմնադրամում որոշել են նախաձեռնությունն իրագործել նաև Հայաստանում:
«Նախաձեռնությունը սկսելիս պարզվել է, որ Հայաստանում արդեն եղել են նման փորձեր, սակայն դրանք կյանքի կոչելուն խանգարել է կամավոր հիմունքներով երեխաների համար կեղծամ պատրաստող մասնագետների բացակայությունը: Իրականում այդ գործընթացը շատ ժամանակատար և աշխատատար է», - ասել է Թամարան՝ հավելելով, որ այժմ փնտրում են այդպիսի մասնագետի:
Նա հայտնել է նաև, որ նախաձեռնությանն այժմ միացել է ավելի քան 10 մարդ, որոնք պատրաստ են կտրել իրենց մազերը:
Նախաձեռնությանը միանալ ցանկացողները կարող են գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: