Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․

«Արենի համայնքի ավագանու գումարած արտահերթ նիստում միաձայն հավանություն տրվեց «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին» հանրագրին:

Ավագանու որոշման նախագիծը բավականին ուժեղ է ձևակերպված. հաշվի առնելով համայնքի բնակիչների 2868 ստորագրությունները՝ ավագանին որոշում կայացրեց Արենի համայնքը ճանաչել էկոտնտեսական տարածք և այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները: Արենի խոշորացված համայնքի մեջ են մտնում հետևյալ գյուղերը՝ Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ:

Շնորհավորում ենք բոլորիս, և մասնավորապես Արենի համայնքի ու Վայոց Ձորի մարզի բնակիչներին: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մասնակցեցին հանրագրի կազմակերպմանը և ովքեր իրենց կամքն արտահայտեցին՝ հանուն մաքուր և առողջ բնական միջավայրի պահպանության: Շնորհակալություն Արմենուհի Ծատուրյանին՝ հանրագիրն ավագանու նիստում ներկայացնելու համար»: