Հայթաղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Հայտնում են քննչական կոմիտեից։
Ըստ աղբյուրի, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարը, 2002թ-ից մինչև 2018թ. օգոստոսի 13-ը զբաղեցնելով Հայթաղ համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ՀՀ-ում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրեր միջոցով ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման լիազորություն, պետական աջակցության ծրագրի շրջանակներում կատարել է յուրացումներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 2.879.700 ՀՀ դրամ վնաս:
Նշված ծրագրերի շրջանակներում կատարել է պաշտոնեական կեղծիքներ՝ կազմել, վավերացրել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փաստաթղթեր։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայթաղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: