«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն առաջարկում է կարգավորել տոտալիզատորների և ինտերնետ շահումով խաղերի գովազդները
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը քննարկման է ներկայացրել «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:
Նա համառոտ նկարագրել է, որ նախագծով առաջարկվում է կարգավորել տոտալիզատորների և ինտերնետ շահումով խաղերի գովազդները.
«Հեռուստաեթերով վիճակախաղի յուրաքանչյուր կազմակերպչի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում և 3 րոպեից ավել չի կարող լինել։ Այն նաև մեկ ժամում չպետք է ցուցադրվի երկու անգամից ավելի, ինչպես նաև չպետք է լինի ավելի, քան 60 վայրկյանը։ Ռադիոյով այս գովազդները պետք է հեռարձակվեն ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, այլապես անիմաստ է լինում այլ ժամի թույլատրելը։ Այս գովազդները հեռուստատեսությամբ թույլատրվում են բացառությամբ սպորտային միջոցառումներից հետո։ Արտաքին գովազդն ամբողջությամբ վերանում է»։
Ինչ վերաբերում է լրատվական կայքերում գովազդին, պատգամավորը նշել է, որ այն չպիտի զբաղեցնի կայքէջի 20 տոկոսից ավելին: