Խորթ հոր կողմից բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը տեղափոխվել է Վանաձորի մանկատուն
Ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ տեսուչ Գայանե Ձավարյանը պատմել է, որ մարտի 31-ին Լիլիթը եկել է ոստիկանություն և հայտնել, որ չի ցանկանում տուն վերադառնալ, ուզում է մանկատուն գնալ: Այս մասին գրում է «Հետք»-ը։
«Մենք այդ մասին շտապ տեղեկացրեցինք դպրոցի տնօրենին և ոստիկանություն հրավիրեցինք նրա նկատմամբ բռնություն իրականացրած Դավիթ Լալայանին»,- պատմել է ավագ տեսուչը:
13-ամյա Լիլիթը սովորում էր Ալավերդու դպրոցներից մեկում: Մարտի 31-ին նա ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իրենց հարևան Դավիթ Լալայանը ոտքով հարվածել է իր ձախ ոտքին, քաշքշել, վայր է գցել, պատճառել է մարմնական վնասվածք, նաև ձեռքով հարվածել է իր դեմքին: Ոստիկանության Թումանյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ Գայանե Ձավարյանը ասում է՝ Դավիթ Լալայանն իրականում ոչ թե հարևանն է, այլ Լիլիթի մոր ամուսինը, որը ոչ միայն բռնության է ենթարկել անչափահաս երեխային, այլև նրան պարտադրել բնակվել անտանիք սենյակում:
«Դավիթն ուզում է, որ ես այդ տանը մենակ ապրեմ, բայց այնտեղ շատ կռիսներ կան, ես վախենում եմ այնտեղ մենակ ապրել: Ինձ մի կտոր հաց է տալիս, ասում է՝ այդքանը քեզ հերիք է, գնա, էնտեղ կեր: Իրենք ինձ իրենց հետ սեղան թույլ չեն տալիս նստել»,- ոստիկանության ավագ տեսուչին և իր դասղեկ Մարգարյանին պատմել է Լիլիթը:
Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Դավիթ Լալայանը, բռնության արդյունքում, Լիլիթի առողջությանը պատճառել է թեթև վնաս:
Լիլիթի մայրը՝ Ք. Կ.-ն, Սոցիալական աջակցության Թումանյանի տարածքային գործակալությանը գրած իր դիմումում հայտնել է, որ ունի 3 երեխա: Նրանցից մեծը՝ Լիլիթը, առաջին ամուսնուց է: Երեխան դեռ չէր ծնվել, երբ հայրը մահացել է: Մայրն ամուսնացել է 3 անգամ: Ներկայիս ամուսնուց՝ Դավիթ Լալայանից, ունի մեկ որդի:
«Մենք ընտանիքում հաճախակի ունենում էինք վեճեր, ամուսինս մանավանդ աղջկաս չի կարողանում ընդունել որպես ընտանիքի անդամ, բացարձակ ոչ մի դրական հարաբերություն չունի Լիլիթի հետ, հաճախ հայհոյում է նրան: Մենք բնակվում ենք Դավիթ Լալայանին պատկանող տանը: Նա մարտի 31-ին սկսեց կրկին հայհոյել Լիլիթին, և մեզանից աննկատ՝ նա լքեց տունը»,- հայտնել է մայրը: Վերջինս խնդրել է իր աղջկան տեղավորելխնամքի որևէ կենտրոնում:
Դավիթ Լալայանը ոստիկանությունում բացատրություն է տվել, թե ինքը դաստիարակում և մաքրություն է պահանջում Լիլիթից: Ասել է՝ իր երեխայի նման է նրան պահում:
Դեպքից հետո մայրական կողմի պապն ու մորաքույրը մի քանի օրով Լիլիթին տարել են իրենց տուն, այն մտադրությամբ, որ երեխան կհանդարտվի, կվերադառնա տուն: Հաջորդ օրը մորաքույրը Լիլիթին դպրոց է տարել: Ճանապարհին Լիլիթը մորաքրոջից աննկատ մոտեցել է մի ոստիկանի և հայտնել, որ իրեն իրենց տուն են ուզում տանել, ասել է՝ վախենում է, չի ուզում տուն գնալ, խնդրել է իրեն տանել ոստիկանություն և ուղարկել մանկատուն: Ոստիկանը Լիլիթին ուղեկցել է ոստիկանություն:
«Երկուշաբթի էր, ոստիկանություն հրավիրեցինք համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Կարեն Կոնինյանին և սոցիալական աշխատողին: Նրանք Լիլիթին փորձեցին համոզել տուն գնալ: Լիլիթը մնաց անդրդվելի: Փորձում էինք երեխայից իմանալ, թե Դավիթ Լալայանը ինչ բռնության է իրեն ենթարկում: Պատասխանում էր՝ վախենում եմ, չեմ ուզում տուն գնալ»,- պատմում է Գայանե Ձավարյանը:
Ապրիլի 3-ին Գայանե Ձավարյանը և դասղեկ Հասմիկ Մարգարյանը այցելում են երեխայի տուն: Դավիթ Լալայանը ոստիկանության ավագ տեսուչի և դասղեկի ներկայությամբ սկսում է հայհոյել Լիլիթին:
«Ասաց` ինքն էստեղ մնալու գործ չունի, թող տանից դուրս գա, թող կողքի տանն ապրի, ես իրեն մի կտոր լափ կտամ: Ես իրեն չեմ պահում: Լիլիթը դա լսելուն պես տանից դուրս է փախչում»,- պատմեց Գ. Ձավարյանը:
Դասղեկի և Գայանե Ձավարյանի նկարագրելով` Լիլիթը ապրել է սարալանջին գտնվող մի տան մեջ: Ոստիկանության ավագ տեսուչի խոսքով՝ երեխայի հետ Դավիթ Լալայանի կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ Լիլիթը ցանկություն է հայտնել գարնանային արձակուրդներին հյուր գնալ տատին և պապին: Դավիթն ասել է՝ «բա էս տան գործերն ո՞վ է անելու, փոխանակ մորդ օգնես, փոխանակ ցախ բերես»: Հետո հանձնարարել է սանրը մաքրել: Դավիթը, սանրը լավ մաքրած չլինելու պատրվակով, ոտքով հարվածել է աղջնակին, ինչից հետո Լիլիթը փախել է: Նրա պատմելով՝ պատշգամբի երկաթե աստիճանների վրա Դավիթը իրեն հրել է, Լիլիթը աստիճանների վրա վայր է ընկել, ազդրը խփել է աստիճանի երկաթի սուր ծայրին, վնասել ոտքը: Մարտի 31-ին կրկին Դավիթի հայհոյանքներից հետո Լիլիթը փախել է տնից և դիմել ոստիկանություն՝ իրեն մանկատուն ուղարկելու համար:
«Ես նկատեցի, որ երեխան այդ տանը և այդ միջավայրում այլևս չի կարող մնալ: Դավիթ Լալայանը անգամ մեր ներկայությունից չէր կաշկանդվում և հայհոյանքներ ու սպառնալիքներ էր ուղղում երեխային: Սպառնալու նման այսպիսի մի հայտարարություն արեց, թե «դանակը բերեք, ես դրան…», ու անմիջապես երևի հասկացավ, որ էս ինչ է ասում, խոսքը փոխեց, թե «բերեք, թոքերս գցեմ, ինձ, սպանեմ, պրծնեմ»: Որոշեցի երեխային այդ մարդու մոտ չթողնել: Հաջորդ օրը նրան տեղափոխեցինք մանկատուն»,- պատմեց Գայանե Ձավարյանը:
«Ես էդ երեխի՝ Լիլիթի մոր հետ օրինական ամուսնացած չեմ, պրոստը և այլն: Տղա երեխաս հիմա երկու տարեկան է: Որ տենաս, մի գազան երեխա է: Ես երեխիս տեր եմ: Ք. Կ.-ն 3 երեխա ունի, տարբեր տղամարդկանցից: Երկու անգամ ամուսնացել է, էդ տղա երեխեն է միայն ինձանից: Լիլիթի հայրը մահացել է, մեկն էլ ա՝ դրանց տերություն չեն անում: Բրախած են անտերուդուրս: Լիլիթի յոմը տարած ա: Արա, նրան ոտքով չեմ խփել, ես թևիցը բռնել, շպրտել, գցել եմ տուն»,- ասաց Դավիթ Լալայանը:
«Նրա մորը ծնողական ժողովներին երբևէ չեմ տեսել, երեխան ապրում էր շատ ծանր ընտանեկան պայմաններում: Լիլիթը թույլ ընդունակություններ ունի, միգուցե տանը նրա հետ աշխատելու դեպքում դրսևորեր այլ ընդունակություններ»,- ասաց դասղեկ Հասմիկ Մարգարյանը:
Դպրոցի տնօրենի տեղակալ Անուշ Բադալյանը պատմում է, որ Լիլիթը դպրոցում միշտ տխուր է եղել ու լուռ: Դպրոցի հոգեբանները պատճառները պարզելու համար աշխատել են նրա հետ: Հետո զրուցել են մոր հետ: Մայրն ասել է՝ իրենց տանը ամեն ինչ նորմալ է»,- պատմեց փոխտնօրենը:
Վանաձորի մանկատան փոխտնօրեն Հարություն Էվոյանը հայտնեց, որ Լիլիթը մանկատուն է ընդունվել ոստիկանության և Ալավերդի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ապրիլի 4-ի համատեղ արձանագրության հիմքով: Հարություն Էվոյանի խոսքով, այս պահին Լիլիթի վիճակը հոգեբանական տեսանկյունից կայուն է: Նա արագ ադապտացվել է մանկատան միջավայրում:
«Նա շատ կազմակերպված, հանգիստ, բավականին խելացի երեխա է: Ուսումնական պրոցեսի մեջ չեմ ասի գերազանց է, բայց բավարարից առավել է: Գնահատականները բավականին բարձր են, պատրաստակամ և աշխատասեր է: Լիլիթը կոկիկ երեխա է, ու որևէ խնդիր չենք ունեցել նրա հետ: Շատ կարևոր է, որ Լիլիթը ինքն իրեն հանգիստ է զգում»,- ասաց մանկատան փոխտնօրենը:
Լիլիթի մայրը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ գնացել է մանկատուն՝ Լիլիթին տեսնելու:
«Իմ հոգեվիճակը ծանր է: Ես ինքս չէի ցանկանա, որ իմ երեխան այնտեղ լիներ: Ուզում եմ հետ բերել Լիլիթին, բայց Դավիթը երևի նորից չի հաշտվի նրա հետ»,- ասաց մայրը: