Մոսկվայում մեկնարկել է Մոսկվա Օփեն շախմատի միջազգային փառատոնը, որին ավանդաբար մասնակցում են մեծ թվով հայ շախմատիստներ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Փառատոնի շրջանակներում անցկացվում են 5 տարբեր մրցաշարեր՝ A, B, C, D1 և D2:

Հայաստանը ունի մասնակիցներ A, B և C մրցաշարերում: A մրցաշարին մասնակցում են Հայաստան 8 պատվիրակ, որոնց թվում են գրոսմայստերներ Վահե Բաղդասարյանը և Գևորգ Հարությունյանը:

B մրցաշարում Հայաստանը ներկայացված է 3 մասնակիցներով, իսկ C մրցաշարին մասնակցում են Հայաստանի 7 պատվիրակ: Մոսկվա Օփենում կայացել են առաջին 3 տուրերի պարտիաները:

A մրցաշարում 6 շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Մեր մասնակիցներից Գևորգ Հարությունյանը և Դավիթ Քալաշյանը 2.5-ական միավորով ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում:

B խմբում, որին մասնակցում են միայն կին շախմատիստուհիները, հաջող է հանդես գալիս Սուսաննա Գաբոյանը, ով 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և 4 այլ շախմատիստուհիների հետ միասին գլխավորում է աղյուսակը:

C մրցաշարում աղյուսակը 3 միավորով գլխավորում են 22 շախնատիստ: Մեր մասնակիցներից ամենաբարձր արդյունքն ունեն Վահագն Խաչատրյանը և Խաչատուր Մեսրոպյանը, ովքեր վաստակել են 2.5-ական միավոր: