Բյուրակն գյուղի դպրոցի նախկին փոխտնօրենը մեղադրվում է թմրամիջոց պահելու և գործածելու մեջ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աշոտ Մանուկյանի, տեղի է ունեցել Ամասիա խոշորացված համայնքի կազմում գտնվող Բյուրակն գյուղի դպրոցի նախկին փոխտնօրեն Մանվել Խոջումյանի դատական նիստը:
Խոջումյանը մեղադրվում է տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափով՝ 6,64 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար:
Բյուրակն դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին տնօրեն Լուսինե Մելիքյանն աշխատանքից ազատել էր 2018թ-ի մարտի 20-ին՝ մեղադրելով թմրամոլության մեջ: Աշխատանքից ազատման հրամանում, որպես հիմք, նշված է եղել Խոջումյանի՝ պարտադիր բժշկական զննություն անցնելուց հրաժարվելը: Նշենք, որ Մանվել Խոջումյանն, ըստ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի՝ դատախազությանը տրամադրած տեղեկության, 2009թ-ի օգոստոսի 25-ից գտնվում է հաշվառման մեջ նարկոլոգիական դիսպանսերում՝ կանաբինոիդների օգտագործում ախտորոշումով:
Նշված ժամանակահատվածում, «Կանեփ-կակաչ» միջոցառման շրջանակներում, ոստիկանները Խոջումյանի մոտ հայտնաբերել էին կանեփի ցողուններ: Վերջինս հայտնել էր, որ տնամերձ հողամասում աճած կանեփանման բույսից ինքը չորացրել է որոշակի զանգված և ծխելու միջոցով գործածել: Դպրոցի փոխտնօրենն այդ ժամանակ տուգանվել էր 110 հազար դրամով:
10 տարի անց, գրեթե նույն մեղադրանքով, Մանվել Խոջումյանի գործը քննվում է արդեն դատարանում: Մայիսի 6-ին կայացած դատական նիստը 7-րդն էր, առաջին նիստն այս գործով կայացել է 2018թ-ի դեկտեմբերի 18-ին: Ներկայում քրեական գործով ներգրավված վկաների հարցաքննության փուլն է: Դատակոչված վկաներից դատական նիստին ներկայացել էին ոստիկանության երեք աշխատակիցները եւ ընթերականներից՝ Ստեփան Փահլևանյանը:
Վկա Հակոբ Տոնոյանը, որ ոստիկանության Ամասիայի բաժնի պետի տեղակալն է, կոչումով փոխգնդապետ, պատմել է, որ դեպքի օրը՝ 2018թ-ի ապրիլի 12-ին, մի քանի ոստիկանների ուղեկցությամբ գտնվել է Բյուրակն գյուղում՝ գողության ահազանգ հետ կապված: Իրեն զանգահարել է քննիչ Արմեն Միքայելյանը և տեղեկանալով գտնվելու վայրի մասին՝ խնդրել աջակցություն:
«Ինձնից խնդրել է ուղեկցող ոստիկաններ Մանվել Խոջումյանի տան խուզարկության համար»,- պարզաբանել է վկա Հակոբ Տոնոյանը:
Ոստիկանության 4 աշխատակիցների և 2 ընթերականների ներկայությամբ այդ օրը խուզարկվել է Խոջումյանին պատկանող երկհարկանի կիսակառույց առանձնատունն ու անձնական օգտագործման մեքենան: Վկան պատմել է, որ տնամերձում տեղադրված ժամանակավոր տնակ է եղել, որտեղից ոչինչ չեն հայտնաբերել: Պոլիէթիլենով փաթաթած կանաչ զանգված հայտնաբերվել է տանիքի խուզարկության ժամանակ, ևս մեկ փաթեթ՝ ավտոմեքենայի նստատեղի տակից:
Երկու վկաներն էլ, անդրադառնալով ամբաստանյալի մեքենայի խուզարկությանը, նշել են, որ ձախակողմյան նստատեղի տակից հայտանաբերված փայլաթիթեղով փաթեթը քննիչին փոխանցելու ժամանակ Մանվել Խոջումյանը հայհոյելով խլել է այն ու պատառոտել. կարողացել են փրկել ընդամենը մի փոքր մասը:
Վկաների հարցաքննության ընթացքում ամբաստանյալ Մանվել Խոջումյանն անընդհատ խանգարում էր տեղից բարձրաձայն ռեպլիկներ և դիտողություններ անելով:
Նշենք, որ Մանվել Խոջումյանը ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հարազատ մորեղբայրն է:
Ի դեպ, Մանվել Խոջումյանի գործը քննող դատավոր Աշոտ Մանուկյանի որդին՝ Զավեն Մանուկյանը, 2018թ-ի նոյեմբերին նշանակվել է «Ախուրյանի բժշկական կենտրոն» ԲՓԸ-ի տնօրեն՝ մրցույթի արդյունքներով շրջանցելով ժ/պ Միխայիլ Մկրտչյանին: Բուժհաստատության կոլեկտիվը նոյեմբերի 7-ին գործադուլ էր արել: Աշխատակիցների համոզմամբ, տեղի էր ունեցել անարդարություն՝ մրցույթի մասնակից երկրորդ թեկնածուն, այսինքն դատավորի որդին, հայտնվել էր շնորհիվ այն ժամանակվա մարզպետ Կարեն Սարուխանյանի: Մրցույթի համար հայտարարված ժամանակը մարզպետն երկու ժամով երկարաձգել էր՝ այսպիսով հնարավորություն տալով այդ պահին գործազուրկ Զավեն Մանուկյանին մրցույթի մասնակցության հայտ ներկայացնելու: Մարզպետն իր գործողությունն արդարացրել էր մրցակցություն ապահովելու ցանկությամբ: Գրում է «Հետք»-ը։