«Երկիրը դարձել է «Գազպրոմ»-ի գերին»․ Ատոմ Մարգարյան
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարկավոր է էներգետիկ ակտիվների մի մասը վերադարձնել պետությանը. միանգամայն բնական է, որ Հայաստանի գազամատակարար «Գազպրոմ» ընկերությունը կատեգորիկ դեմ է եղել, ու առաջիկայում էլ՝ դեմ է լինելու գազի սակագնի իջեցմանը, ու դա, ինչպես ասում են՝ «ոզնուն էլ հասկանալի է»։ Եվ այն, որ օտար երկրի գազամատակարար մոնոպոլիստը մեր պետության հետ շանտաժի լեզվով է խոսում ու հայտարարում, որ եթե մեկ այլ ընկերություն կարող է ավելի էժան գազով ապահովել Հայաստանը, իրենք պատրաստ են իրենց «գործը հանձնել», սա էլ է հասկանալի։ Ո՞ր մոնոպոլիստը կհարժարվի իր գերշահույթից։ Առավել ևս, որ Հայաստանը Ռուսաստանի հետ երկարաժամկետ, ըստ էության, ստորացուցիչ պայմաններով, երկարաժամկետ գազային պայմանագիր ունի: Այս ամենի պատճառներն անշուշտ քաղաքական են։ Այն, որ Հայաստանի նախորդ իշխանությունները հանուն իրենց իշխանության ապօրինի վերարտադրման, Կրեմլի դաբրոյի դիմաց կասկածելի պարտքերի հիմքով մեծ ջանասիրությամբ Ռուսաստանին են նվիրաբերել ռազմավարական նշանակության էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ երկրի համար այլընտրանք համարվող՝ Իրան-Հայաստան գազամուղը, պարզ է ցերեկվա լույսի նման։ Ու հիմա երկիրը, ներմուծման այլընտրանք չունենալով, դարձել է «Գազպրոմ»-ի գերին։ Ո՞րն է ելքը։
Ելքը անշուշտ երկրի էներգետիկ ակտիվների, առաջին հերթին՝ գազաբաշխիչ ցանցի ակտիվների մի մասի, ասենք՝ 10-20%-ի ազգայնացումն է կամ ետգնումը, ինչը թույլ կտա գազի ներմուծման ու գնակազմավորման քաղաքականության որոշումների վրա էական ազդեցություն ունենալ։ Հակառակ պարագայում` բոլոր խոսակցությունները բնական գազի մրցունակ սակագին ունենալու և այդ հիմքի վրա նույնիսկ ԵԱՏՄ չափանիշներով մրցունակ տնտեսություն կառուցելու, առավել ևս՝ տնտեսական հեղափոխություն անելու հայտարարությունները մնալու են քաղաքական սնամեջ ուեղձներ, ոչ ավելին»: