Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները
«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է 1945թ-ի Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից վետերաններին։
«Արդեն մոտ է մայիսի 9:
Նույնիսկ համակարգիչն է իրեն պարտավորված զգում շնորհավորելու Հաղթանակի հերոսներին ու կենդանի լեգենդներին՝ ուղարկելով «Գեորգիևյան ժապավեն»: Այն կարծես հուզական ու պաշտամունք հիշեցնող նշան է, որ մեծ պատվով կրում ենք մեր էջերում ու կրծքերին:
Ինչպես ԽՍՀՄ-ի բոլոր երկրները, Վրաստանը նույնպես իր անմնացորդ մասնակցությունն է ունեցել Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակում: Ջավախք աշխարհն իր չքավոր վիճակում, բայց լայնասրտորեն նույնպես տվել է իր բյուր զավակներին, որոնց մեծ մասը, ցավոք, չեն վերադարձել հայրենի օջախներ, շատերն անհայտ կորած մնացին, իսկ ողջ վերադարձածների համար արդյոք ի՞նչ է անում մեր Կառավարությունը: Չկա Ջավախքում մի գյուղ կամ մի տուն, որ իր զավակներին ուղարկած չլինի ռազմաճակատ՝ պաշտպանելու մեր բոլորիս մեծ ու հզոր հայրենիքը: Վերջին երեք տարում Ջավախքում վերականգնեցին Հաղթանակի տոնը մեծ շուքով նշելու սովորույթը, գովելի է, բայց գովելի է, եթե նշվում է որպես զոհվածների հիշատակի օր, որը կոչվեց «Անմահ վաշտ»: Բայց ի՞նչ է արվում հատուկենտ ողջ մնացած հերոսների համար, արդյոք ի՞նչ վիճակում են ապրում, արդյո՞ք որևէ աջակցության ու օգնության կարիք չունեն:
Իշխանությունները, երբ գումար են տրամադրում միջոցառման կազմակերպման համար, արդյոք մտահոգություն չի՞ առաջանում կազմակերպելու նրանց` եզակի ողջ մնացածների մտերմիկ մի հավաքույթ, մեծարման արարողություն, և շնորհակալություն հայտնելու ու նոր շքանշանների հետ մեկտեղ նաև հնարավոր դրամական ու պահանջվող օգնություն ցուցաբերել: Ո՞ւմ և ինչի՞ են պետք նման տոները, եթե հերոսները ներկա չեն ու չեն մեծարվում ու գնահատվում արժանվույնս: Չէ՞ որ նրանցից շատ քչերն են ողջ մնացել, նրաց առաջ պարտավորություն պիտի ունենանք, որ նրանք իրենց կյանքը չապրեն դժգոհ ու կյանքից չհեռանան արցունքն աչքերին…
Ջավախքցին հոգով ամուր է, պարզ ու հզոր՝ իր սեգ սարերի պես: Նա կոշտ է, կոպիտ՝ իր լեռնաշխարհի պես, բայց ազնիվ ու շիտակ՝ երկնքի լազուրին հասնող իր ձյունագագաթների պես: Ջավախքցին անվախ է ու նվիրված ինչպես իր երկրին, այնպես էլ՝ իր ազգին:
Ջավախքցին անմասն չէ նաև Արցախյան հերոսամարտից: Ինչպես գիտենք, Մայիսի 9 տոնվում է նաև որպես Շուշիի Ազատագրման օր, Արցախի Ազատագրման օր: Ու Ջավախքի շատ նվիրյալ հայորդիներ իրենց մասնակցությունն ունեցան ու իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախյան պատերազմին:
Արդյո՞ք երբևէ գնահատվում ու տոնվում է նաև նրանց արժանավոր տոնը: Արդյո՞ք նրանց ու նրանց ընտանիքներին տրվում է օգնություն, աջակցություն որպես ազգի հերոսի: Երբեմն պիտի մի քիչ վեր լինել սեփական շահերից, պիտի կարողանալ գնահատել ու մեծարել իսկապես արժանավորներին:
Ինչ-որ պաշտոնավորի հետ հանդիպմանը կազմակերպած մի ճոխ ճաշկերույթն ընդամենն արարողակարգ է, իսկ նույն գումարը հերոսների հոգսերը թեթևացնելուն տրամադրելը մարդկային արժանիք կլինի:
Սա որպես ի գիտություն թող լինի բոլոր պատկան մարմիններին, որ կարողանան մաքուր լինել իրենց ու մեր պապերի հերոսության, իրենց խղճի ու պարտքի առաջ:
Ռուսաստանի Ջավախքի Հայերի Միությունը խորին հարգանքով ու մեծարանքով, շնորհավորում է 1945թ-ի Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից երկրների բոլոր կենդանի վետերաններին՝ նրանց մաղթելով ամուր առողջություն, գնահատված, հարգված, սիրված ու արժևորված լինելու զգացողություն, ընտանիքի կողմից մեծ ջերմության, իսկ շրջապատի ու իշխանությունների կողմից՝ ուշադրության ու աջակցության ցուցաբերում:
Թող նրանց բոլորի աչքերը փայլեն գնահատված ու կարևոր լինելու երջանկությունից:
Մենք Շնորհավորում ենք նաև անհատապես բոլոր Վիրահայ ու Ջավախահայ վետերաններին, Արցախյան հերոսամարտի մասնակից հերոսներին՝ նրանց մաղթելով քաջակորովություն, աննկուն կամք և թող երբեք չունենան ուշադրության, հարգանքի ու մեծարանքի պակաս:
Աստծո օրհնությունը ձեզ ու ձեր սերունդներին»: