1999թ-ի մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրը, Երևանի թիվ 11 պոլիկլինիկայի (այժմ` «Նոր Արաբկիր» ԱԿ) ղեկավարության աջակցությամբ բուժհիմնարկի մի սենյակում կազմակերպվել էր «Հայ բժշկության թանգարան» պայմանական անունը կրող ցուցադրություն։

1999թ-ի թանգարանը գրանցվել է Մշակույթի նախարարության մասնավոր թանգարանների ցուցակում և Ռիգայի Պաուլ Ստրադինի անվ. բժշկության պատմության թանգարան-ինստիտուտում (սկիզբ է առել մասնավոր հավաքածուից):

2000թ-ի ապրիլին «Մշակութային հիմունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը Եվրոպայի խորհրդի կողմից փորձաքննության ենթարկելու և «Հայաստանի մշակութային քաղաքականության մասին» ազգային զեկույցը նախապատրաստելու նպատակով Երևան ժամանած եվրոպական կառույցի ներկայացուցիչներ՝ Ռումինիայի մշակույթի փոխնախարար Մարիա Բերզան (Բուխարեստ), Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Ռոհմերը (Ստրասբուրգ) և Բորդոյի համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների դոկտոր Ժան Պետոն (Ֆրանսիա) ՀՀ մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանի և այլոց ուղեկցությամբ այցելել են թիվ 11 պոլիկլինիկայի Հայ բժշկության թանգարան։

2009թ-ի փետրվարին Հայ բժշկության թանգարան այցելել են Մշակույթի նախարարության թանգարանների և արհեստների վարչության պետի տեղակալ Նորա Դայանը և վարչության երկու աշխատակիցներ: Նրանք թանգարանը դիտելուց հետո եզրակացրել են, որ ցուցադրված նյութը ներկայացնում է պատմամշակութային արժեք և արժանի է հատուկ ուշադրության:

2010թ-ի հոկտեմբերին Մշակույթի նախարարության և Վ. Շարամբեյանի անվ. ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանի աջակցությամբ այդ թանգարանում կազմակերպվեց Հայ բժշկության թանգարանի մասը կազմող «Հայ բժիշկները հայ գրականության մշակներ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին շուրջ 145 հայ բժիշկ-ստեղծագործողների շուրջ 450 գրքեր

Թանգարանը ունի գիտա-լուսավորական և ուսումնա-դաստիարակչական առաքելություն: Թանգարանը նպատակ ունի նպաստել բժշկական գիտության և առողջապահական մշակույթի զարգացմանը, հայրենիքի նկատմամբ սիրո և հավատի ամրապնդմանը: Թանգարանի նպատակն է նաև հավաքել, պահպանել, ցուցադրել և սերունդներին փոխանցել հայ ժողովրդի դարավոր բժշկական մշակութային ժառանգությունը հանդիսացող նյութական և հոգևոր արժեքները, ինչպես նաև հայ բժշկության բազմադարյա հարուստ ավանդույթները պրոպագանդել Հայաստանի բնակչության, Սփյուռքի հայության և օտարերկրացիների շրջանում:

Հայ բժշկության թանգարանում ցուցադրված են հավաքածուի շուրջ 30 000 ցուցանմուշներից ընդամենը 5000։ Թանգարանի ցուցադրությունը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի բաժինների՝ պեղածո-հնագիտական, երկրագիտական-ազգագրական, կենցաղային, բժշկության հետ առնչվող նյութեր, բուն բժշկական նյութեր, գրադարան, արխիվ, ֆոտոարխիվ:

Թանգարանում ցուցադրված են պղնձե, կավե, հախճապակյա, ապակյա ամաններ, կժեր, սափորներ, սկահակներ, սրվակներ, մետաղյա, փայտե իրեր, բրոնզե, քարե, փայտե հավանգներ, բժշկական գործիքներ և սարքեր, երաժշտական գործիքներ, գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, կահույք, կահկարասի, պեղածո նյութեր, այդ թվում՝ մարդկային մասունքներ և այլն: Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են օրինակ, Մեծամորից բերված 5000-ամյա սափորը, Գորիսից բերված կավե սրվակները, Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից հայտնաբերված մարդու 5000-ամյա կմախքը` գանգոսկրի ախտաբանությամբ, 100-200 տարի առաջ աշխարհի տարբեր քաղաքներում տպագրված բժշկական գրքեր։ Թանգարանի, նրա գրադարանի, արխիվի ու ֆոտոարխիվի հիմքի վրա կարելի է կատարել հայ բժշկության պատմության վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքներ։

Այսօր Հայաստանում գործում են բժշկական ուղղվածության մի քանի գերատեսչական թանգարաններ.

- Մխիթար Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի պատմության թանգարանը,

- Սուրեն Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի պատմության թանգարանը,

- Ալեքսանդր Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի` Ա. Միքայելյանի հուշաթանգարանը,

- Ծաղկաձորի Օրբելի եղբայրների թանգարանը, որտեղ 2 սենյակ տրամադրված է ակադ. Լևոն Օրբելու հիշատակին: