Խորհրդարանն ընդունել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը․ Կառավարությունում կլինի 12 նախարարություն.
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Օրինագիծն ընդունվեց 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
Հիշեցնենք, որ համաձայն ընդունված օրենքի՝ կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2) առողջապահության նախարարություն
3) արդարադատության նախարարություն
4) արտակարգ իրավիճակների նախարարություն
5) արտաքին գործերի նախարարություն
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
7) շրջակա միջավայրի նախարարություն
8) պաշտպանության նախարարություն
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն
11) Էկոնոմիկայի նախարարություն
12) ֆինանսների նախարարություն:
Ընդդիմադիր խմբակցությունների հիմնական դժգոհությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ կառավարության կառուցվածքում օպտիմալացման անվան տակ լինելու են կրճատումներ, ինչպես նաև ստեղծվելու են «սուպերնախարարություններ», ինչպիսիք, ըստ ընդդիմադիրների, կլինեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
ԼՀԿ-ն պնդում էր նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ և լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, ինչին «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հակադարձում էին, որ նույնիսկ այս կարգավիճակով խորհրդարանը կարող է վերահսկողություն իրականացնել ԱԱԾ-ի և ոստիկանության նկատմամբ: